Նոր ծաղիկներ՝ Երեւանում
2014թ. ծրագրով Երևանի ծաղկային տարածքների ընդհանուր մակերեսը կհասնի 6.2 հա-ի, մայրաքաղաքը կզարդարեն 2 մլն 300 հազար ծաղիկներ, այդ թվում՝ 40 հազար վարդ և 650 հազար կակաչ: Ծառատունկերի ընթացքում մայրաքաղաքում կտնկվի նաև շուրջ 5000 գնդաձև ակացիա և 1500 թույա: Կանաչ տարածքները պահպանելու նպատակով այս տարի մայրաքաղաքի ոռոգման ցանցը կընդլայնվի ևս 23 կմ-ով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների առջև խնդիր է դրել հետևողական աշխատանք տանելու կանաչ տարածքների ընդլայնման ու պահպանման ուղղությամբ: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով, հանձնարարված է կանաչապատման նախագծերը համաձայնեցնել նաև Երևան քաղաքի գլխավոր դիզայների հետ: Համակարգված և մասնագիտորեն հիմնավորված կանաչապատում իրականացնելու մասով հաշվի կառնվեն նաև Երևանի բնակլիմայական պայմանները, տեղանքը և անհրաժեշտ այլ գործոններ: 2014 թվականի՝ Երևանը կանաչ տարածքներով համալրելու ծրագիրն իրագործելու շնորհիվ ընդհանուր առմամբ մայրաքաղաքի կանաչ մակերեսը կհասնի 850.0 հա-ի: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն