Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոչ՝ չվճարել գազի վարձավճարները (տեսանյութ)

Հասարակություն
gaz

Հայաստանում գազի ցածր կալորիականությունն ապացուցելու համար Ներազգային ազատագրական շարժումն իրականացրել է փորձարկում: Արդյունքում կես լիտր ջուրը գազօջախի վրա հարևան Վրաստանում 13 աստիճանից մինչև 90 աստիճան հասել է 3 րոպե 47 վայրկյանում, իսկ Հայաստանում նույն գործընթացը տևել է մոտ 6 րոպե: Փորձարկման հեղինակ Վահան Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ «Հայռուսգազարդ» ընկերությունը բնակչությանը հասցրել է մոտ 68 մլն դոլարի վնաս: «Ուզում եմ դիմել ժողովրդին և ասել հետևյալը՝ բերեք չվճարենք մարտի եկած գազի վարձերը, որովհետև մենք ապացուցեցինք, որ ձեզ խաբում են, և պետք չէ վճարել այն ընկերությանը, որը խաբում է ձեզ, այսինքն՝ պատժելու միջոց եմ առաջարկում»,-ասաց Վահան Մարտիրոսյանը: Նա փոխանցեց, որ այս կոչին արդեն միացել է 150 քաղաքացի, և հույս հայտնեց, որ առաջիկայում այս թիվն անպայման կավելանա: Հակադարձելով «Հայռուսգազարդ» ընկերության արձագանքին, թե փորձն իրավական հիմքեր չունի, և ցուցադրված ռեպորտաժում հստակ չի երևում, թե փորձարկումն իրականացրած սենյակն իսկապես Վրաստանում է, Դավիթ Մարտիրոսյանը նշեց. «Ես պատրաստ եմ տրամադրել, մեր պատրաստած տեսանյութի «հում» տարբերակը, որտեղ հստակ երևում է, որ մենք իսկապես փորձն իրականացրել ենք Վրաստանում»: