Գծատերեր էլ չե՞ն լինի (տեսանյութ)
Արդյոք քաղաքային ուղեւորափոխադրում իրականացնող գծատերերին կփոխարինի՞ մեկ՝ պետության կողմից լիազորված օպերատոր: Այսօր ԱԺ-ն քննարկում էր Կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի ներկայացրած նախագիծը: Նախագիծը ներկայացնում էր կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Ըստ նրա՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում նախատեսված փոփոխություններով պետք է համայնքի ղեկավարի ու ավագանու կողմից ստեղծվի մեկ օպերատոր, որի միջոցով կկարգավորվի ուղեւորափոխադրումը եւ սակագինը: Օրենսդրական այս փոփոխությունը դեռ կվերաբերի միայն Երեւանին, իսկ նախագծի 2-րդ ընթերցման ժամանակ հնարավոր է քննարկվի նաեւ միջքաղաքային ուղեւորափոխադրման հարցը: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարեւորեց փոխադրավարձի վերանայման խնդիրը, ինչը նախագծի մեջ նշված է, որ պետք է բարձրանա. «Ձեւակերպումը պետք է լիներ՝ կարող է բարձրանալ կամ իջնել, մինչդեռ միանշանակ ձեւակերպում է նշված: Սա ի՞նչ ուղերձ է հանրությանը: Բա ասում էիք ՄՄ մտնելով պահեստամասերը, վառելիքը, քսանյութերը էժանանալու են, հիմա եկել, ասում եք, եթե դրանք թանկանան, ապա կփոփոխվի գինը: Բա ի՞նչ եղավ դրամի լողացող համակարգը, ինչ է՝ այն միայն պետք է սկի՞: Իմ համոզմամբ՝ այսպիսով ընդամենը փորձ է արվում ուրիշ դաշտ տեղափոխել փոխադրամիջոցի ինստիտուտը»: Նա նաեւ ընդգծեց, որ շուկայական տնտեսությունը ենթադրում է գների տատանում, սակայն մարդիկ պետք է կայուն, կանխատեսելի դաշտ ունենան ուղեւորափոխադրման դեպքում. «Եթե օպերատորը հինգ տարվա ընթացքում 100 դրամով փոխադրում չի կարողանալու իրականացնել, եթե չի կրում եղած ռիսկերը, ապա թող նոր մրցույթ արվի, կարող է՝ նոր օպերատորը գալիս է 50 դրամով է ուղեւորափոխադրում անում»: Արմեն Եղիազարյանը ընդգծեց, որ սա տնտեսական հարց է, այլ ոչ թե քաղաքական. «Գնի ավելացման փոխարեն՝ նախագծում կարող ենք գրել սակագնի փոփոխություն. որեւէ միտում չկա, թե միայն պետք է սակագինը բարձրանա, թեեւ միջազգային փորձը հաշվի առնելով՝ պետք է ասել, որ գները միայն բարձրանում են, չեն իջնում: Ավագանին է գները վերանայելու: Նախագծի 2-րդ ընթերցմամբ հաշվի կառնվի նաեւ գների բարձրացման այս հարցը եւ կնշենք փոփոխություն»: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, դիմելով ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին, ասաց. «Պարոն Այվազյան, ինչպես տեսնում ենք, այստեղ խնդիր ունենք ու խնդրում եմ խորհրդարանական լսումներ կազմակերպել»: Այնուհետեւ ԱԺ նախագահը հարց տալու իրավունք տվեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին, որն էլ անմիջապես ուրախ արձագանքեց. «Շնորհակալություն, պարոն Աբրահամյան ջա՛ն»: Այնուհետեւ, պատգամավորն անդրադարձավ սակագնի հարցին. «Գինը համարվում է մրցույթին մասնակից օպերատորի պայմանագրի էական պայման ու այն չի կարող կամայականորեն փոփոխվի, քանի որ կարող է փոխել նաեւ շուկայում ստեղծված իրավիճակը: Պետք է հստակ ձեւակերպվի եւ սահմանված գնով իրականացվի: Սա հանրային ծառայություն է, մրցութային հանձնաժողովին վերապահվում է հիմա մի իրավասություն, որը պետք է անկախ մարմնին պատկանի՝ կարգավորումը պետք է իրականացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Նախագծում նաեւ սպառողների իրավունքները սահմանված չեն: Եթե սահմանվի սակագինը 500 դրամ, արդյոք քաղաքացիները կկարողանա՞ն իրենց այդ սահմանադրական իրավունքը իրացնել»: Վարդան Այվազյանը հայտարարեց, որ իրենց հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին, ու դա ըստ քմահաճույքի չի եղել. «Բուն նպատակը որն է՝ օպերատորը գնա միանգամից մրցույթի մասնակցի, այլ ոչ թե սկզբում լիցենզիա վերցնի, նոր միայն վճարի այս դեպքում պետական տուրք: Ու պետք չէ ամեն ինչի տակ քաղաքականություն փնտրել: Համայնքի ղեկավարը ավագանու հետ միասին են որոշելու, թե որ գիծը ոնց է քշելու: Իսկ սակագինը կարող է փոխվել օբյեկտիվ պատճառներով, օրինակ, եթե տեղի է ունենում դրամի կտրուկ անկում»: