Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Գրիգորյան. «Հայ կինը միայն երկրապահ չէ»

Հասարակություն
4948287d06c5e0952d62e3510d206778

ԵԿՄ վարչության նախագահ Մավել Գրիգորյանի ուղերձը ՍԻՐԵԼԻ ՄԱՅՐԵՐ, ՔՈՒՅՐԵՐ, ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՅՔ, ՀԱՅՈՑ ԱՂՋԻԿՆԵՐ, Մարտի 8-ի` կանանց տոնի առթիվ, ընդունեք իմ, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների անկեղծ շնորհավորանքները: Այս գեղեցիկ տոնն էլ ավելի է արժևորվում` գարնան գալուստն ազդարարելով, և գարունն էլ գեղեցիկ է հատկապես ձեզ նվիրված տոնով: Սիրելի հայուհիներ, մենք միշտ էլ գնահատել ու գնահատում ենք կնոջ դերը պետական, հասարակական կյանքում: Ավելի գնահատելի է ձեր դերն ընտանիքի կայունության, օջախի պահպանման և երեխաների դաստիարակման գործում: Պատմականորեն ապացուցված է, որ հայ կինը ոչ միայն երկրապահ է, այլ նաև` օրհասական պահին միշտ էլ նեցուկ է կանգնել ամուսնուն, եղբոր, որդու հետ մարտնչել է հանուն ընտանիքի և երկրի պաշտպանության: Արցախյան ազատամարտում դա ևս անգամ հաստատվեց` ապացուցելով, որ հայ կինը ոչ միայն հայրենիքի պաշտպան երկրապահ է ծնել, այլ նաև` մարտադաշտում զենքը ձեռքին` պատրաստ կանգնել է իր երկրապահ մարտնչող զավակի, եղբոր, ամուսնու կողքին: Մեր սիրելի մայրեր, քույրեր, սիրելի կանայք, ձեզնից շատերն անդառնալի կորուստներ ունեցան` հայրենիքի զոհասեղանին դնելով ամենաթանկագինն ու նվիրականը: Հատկապես ձեզ եմ շնորհավորում, անկախության համար նահատակված մեր հերոսների մայրեր, մեր սիրելի Գրետա մայրիկ, խոնարհվում եմ ձեր մեծ կամքի ու հավատի առաջ, ցանկանում ձեզ առողջություն, ուժ ու կորով: Յուրահատուկ շնորհավորանքս հղում եմ ձեզ` Արցախի հերոսական մայրեր, Արցախի հերոս կանայք, դուք արեցիք ամեն ինչ ազատագրական պայքարում ձեր տունը պաշտպանելու համար, մեզ պարտադրված պատերազմում հաղթանակի հասնելու համար: Փառք ձեզ: Առանձնահատուկ շնորհավորում եմ ազգային բանակում ծառայող հայուհիներին, կին ազատամարտիկներին, հայոց բանակի սպաների կանանց և այն բոլոր մայրերին, ում որդիներն այսօր ծառայում են մեր բանակում, պաշտպանում են երկրի սահմանները: Իմ ջերմագին շնորհավորանքներն եմ հղում նաև բոլոր այն մայրերին, ում զավակները մարտի 5-ի երդմամբ ընդգրկվեցին ‹‹Պատանի երկրապահ›› ակումբի շարքերը: Նրանք են մեր բանակի վաղվա զինվորները, սպաներն ու երկրի տերերը: Մարտի 8-ի առիթով մեկ անգամ ևս, շնորհավորելով բոլոր հայ կանանց, մաղթում եմ առողջություն, երջանկություն, ցանկությունների իրականացում և խաղաղություն հայոց աշխարհին:   ՀՀ ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ