Քրեական պատասխանատվություն վթարի համա՞ր
Ի՞նչ պատիժ կարող է սահմանվել այն վարորդներին, որոնք կեղծ ավտովթարի մասին ահազանգ են անում ԱՊՊԱ գործակալություն: ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր այսօրվա նիստում այս հարցին հստակ պատասխան չգտավ: Նիստում քննարկվող «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի հիմնական զեկուցողն էր Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Ներսես Երիցյանը: Նա ԱԺ-ին առաջարկում էր Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով պատիժ սահմանել «կեղծարար» վարորդների համար: Մինչդեռ պատգամավորների համար դա անընդունելի էր, եւ նրանք, որքան էլ փորձեցին իրենց հարցերին հստակ պատասխաններ կամ հիմնավորումներ ստանալ պարոն Երիցյանից, այդպես էլ չհաջողվեց: «Կեղծ վթարի ձեւակերպումը մտահոգում է ինձ: Ըստ ձեր ձեւակերպումների՝ բոլոր անպաշտպան մարդիկ, որոնք, ասենք, անզգուշության հետեւանքով կունենան վթար, կկանչեն ԱՊՊԱ ու նրա կողմից վթարը կհամարվի կեղծ, քրեական պատասխանատվության ենթարկե՞նք: Ես ամեն ինչ կանեմ, որ սա տանեմ քաղաքացիական դատավարություն՝ որպես վնասի հատուցում: Մինչեւ չտանք մարդու ակնհայտ պաշտպանվածությունն ապահովող ձեւակերպում, մենք առաջ չենք գնա»: Արդյունքում պատգամավորները որոշեցին հարցի քննարկումը հետաձգել մեկ տարով՝ օրինագիծը լրամշակելու եւ հղկելու համար: