Քրեական գործերով դատապարտվածների թիվը նվազել է (տեսանյութ)
Ինչո՞ւ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունում գործերի մեծ մասը։ Բոլորին հուզող այս խնդրին այսօր մեկնաբանություն է տվել ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը։ «Վճռաբեկում այնպիսի բողոքներ են ընդունվում, որոնցով ընդունված դատական ակտը պետք է լուծի հետագայում բոլոր խնդիրները, եւ եթե բողոքը չի բավարարում այս պահանջներին, ապա վարույթն ընդունելու իմաստն է կորում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանել է նա։ Սակայն լրագրողների հետ հանդիպման թեման դա չէ։ Պարոն Բաբայանն այսօր ամփոփել է 2012-2013 թթ դատարանների գործունեությունը։ 2013 թ-ի ընթացքում ՀՀ առաջին ատյանի դատարաններում ստացվել է 4039 քրեական գործ, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին ու դատական ակտի կատարման հետ կապված հարցերին վերաբերող 17777 միջնորդություն։ Վերլուծությունը ներկայացվեց քրեական, քաղաքացիական եւ վարչական ոլորտներով։ 2013 թ-ի ընթացքում ՀՀ առաջին ատյանի դատարաններում ստացվել է 4039 քրեական գործ, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին ու դատական ակտի կատարման հետ կապված հարցերին վերաբերող՝ 17777 միջնորդություն։ Ըստ Արսեն Բաբայանի՝ քրեական գործերով դատապարտվածները թեեւ նվազել են, սակայն զգալի թիվ են կազմել գողության եւ այլ հատկանիշներով դատապարտվածները։ «Իշխանությունը չարաշահելու համար աճը գրանցվել է 28 տոկոսով, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար աճը կազմել է 3 տոկոս, ավազակության համար 19 տոկոս է, շորթումների համար դատապարտվածների թիվը ավելացել է 2 անգամ՝ 2012-ին 6 անձ էր, իսկ 2013-ին 12։ Մարդուն առեւանգելու համար դատապարտվածների թիվն աճել է 79,1 տոկոսով»,- նշեց Արսեն Բաբայանը։ Ի դեպ, 2013 թ.-ին ընդհանուր արդարացումներն ու պատժի պայմանական չկիրառելու դեպքերն ավելացել են։ Իսկ վարչական գործերով դատարան դիմելու դեպքերն ավելացել են, դա Արսեն Բաբայանի խոսքերով, կապված է նրա հետ, որ քաղաքացիների իրավագիտակցության մակարդակն է բարձրացել։