Համահայկական խաղերի դրոշն ի պահ է տրվել Երևանին
Առաջին անգամ Հայաստանում անցկացվող Համահայկական ձմեռային խաղերի փակման պաշտոնական արարողության շրջանակում Համահայկական խաղերի դրոշն ի պահ է տրվել Երևանին. այն հանձնվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրի բակում տեղի ունեցած Համահայկական ձմեռային խաղերի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ հյուրեր: Մարզական այս խոշոր ստուգատեսին, ի դեպ, Երևանի պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունեցել՝ ստանալով ամենաշատ պարգևները: Երևանյան մարզիկներն արժանացել են 4 ոսկե, 5 արծաթե և 3 բրոնզե մեդալների: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը զրուցել է Երևանը ներկայացնող մարզիկների ու մարզիչների հետ, շնորհավորել նրանց ու մաղթել նորանոր հաղթանակներ: Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ լինելու է մայրաքաղաքը ներկայացնող թիմերի կողքին: Համահայկական ձմեռային առաջին խաղերին մասնակցել են շուրջ 400 մարզիկներ՝ աշխարհի 11 պետությունների 22 քաղաքներից: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։