Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ հրաձիգը նվաճեց օլիմպիական ուղեգիր

Սպորտ
հռ

Այսօր Հայաստանի հրաձգության հավաքական թիմի մարզիկներից Զավեն Իգիթյանը Մոսկվայում մասնակցել է Եվրոպայի պատանիների առաջնությանը, որի ժամանակ խաղարկվում էր Պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր: Վարժությանն ընդհանուր թվով մասնակցել է 43 մարզիկ: Օլիմպիական ուղեգիր կարող էին ձեռք բերել 1-6-րդ տեղ գրաված մարզիկները: Oդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց վարժությունում Զ. Իգիթյանը խոցել է 571 միավոր և զբաղեցրել եզրափակիչ 8-նյակի 5-րդ հորիզոնականը: Եզրափակչում տեղ են գտել 5 երկիր ներկայացնող 8 մարզիկ, յուրաքանչյուր երկիր կարող էր ձեռք բերել միայն մեկ ուղեգիր։ Եվ այսպես, անկախ եզրափակչի արդյունքից, Զ. Իգիթյանը ձեռք է բերել Պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր: Զ. Իգիթյանն եզրափակչում անպարտելի է գտնվել և նվաճել Եվրոպայի պատանիների առաջնության ոսկե մեդալ: 200,0 միավորով նա առաջինն էր, 2-րդ տեղում‘ 198,4 միավորով ուկրաինացի Պավլո Կորոստյլովը, իսկ 3-րդում‘ 177,6 միավորով բուլղարացի Ալեքսանդր Թոդորովը: Մրցումների երեկվա սցենարը գրեթե նույնությամբ կրկնվեց այսօր, որին գումարվեց ոսկե մեդալը: Այսպիսով՝ Հայաստանը հրաձգությունից ունեցավ Պատանեկան օլիմպիական խաղերի 2 մասնակից. Հրաչիկ Բաբայանն ու Զավեն Իգիթյանը օգոստոսին Նանջինգում կներկայացնեն հայկական եռագույնը: Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչն է Սեյրան Նիկողոսյանը: Զավեն Իգիթյանը «Զինաիդա և Յուրի Սիմոնյանների հրաձգության մարզադպրոցի» և Կրթության և գիտության նախարարության «Հրաձգության հանրապետական մարզադպրոցի» սան է, նրա անձնական մարզիչն է հայրը‘ Խորեն Իգիթյանը: Հայաստանի հավաքականը կազմված է 9 մարզիկից, որոնք Եվրոպայի առաջնությանը տարբեր տարիքային խմբերում կմասնակցեն մինչև մարտի 6-ը: