Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չտեսնելը ֆիզիկական թերություն է. մտքի, ուղեղի թերություն չի»

Հասարակություն
555

Այսօր «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Հայաստանի կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվների պաշտոնական կայքի շնորհանդեսը: Կոլեկտիվի կազմում են երգչախումբը և ժող. նվագարանների համույթը: Երգչախմբի խմբավար Նարինե Դավթյանը նշեց, որ կայքի ստեղծման վրա չտեսնողներ չեն աշխատել, բայց կփորձեն կայքի հետագա աշխատանքներում ընդգրկել նաև չտեսնող մարդկանց: Եռալեզու կայքում զետեղված են տեղեկություններ Կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվների և դրանց հիմնադրի մասին, մամուլի անդրադարձները կոլեկտիվների գործունեությանը, ինչպես նաև կոլեկտիվների տարբեր տարիների լուսանկարներ, տեսանյութեր, կատարումների ձայնագրություններ: Շնորհանդեսին ներկա էր Կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվների հիմնադիր, գեղարվեստական ղեկավար-տնօրեն, կոմպոզիտոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Սիմոն Հովհաննիսյանը։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց. «Անշուշտ, որոշ հարցում տեսողություն չունեցող մարդու համար կան ավելի դժվարություններ, բայց դա չի նշանակում, որ նա լիարժեք մարդ չի և չի կարող լիարժեք կյանքով ապրել: Չտեսնելը ֆիզիկական թերություն է. մտքի, ուղեղի թերություն չի, որ մարդ իրեն անջատված զգա ընդհանուր շրջապատից»: Երգչուհի Թամարա Կարապետյանն ասաց, որ երգչախմբում է երգում դրա բացվելու առաջին իսկ օրվանից` 1976թ. նոյեմբերի 15-ից: Թամարա Կարապետյանի խոսքով` արվեստը մոռանալ է տալիս բոլոր դժվարությունները, այդ թվում նաև տեսողության խնդիրը: Կայքի ներկայացումից հետո երգչախումբը հանդես եկավ կատարումներով: