Փողոցային երաժիշտը վաստակում է օրական 10-15 հազար (տեսանյութ)
Շուրջ 15 տարի է՝ երաժիշտ Վլադիկ Ստեփանյանը նվագում ու երգում է փողոցներում, գետնանցումներում։ Երեկ Սայաթ-Նովա, Աշուղ Հավասի, Ջիվանի, Շահեն էր կատարում մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ։ 45 տարի նվագել է Կապանի երաժշտական համույթում, որտեղ կրկին աշխատել չի ցանկանում. «Հայհամերգից ինձ կանչել են, չեմ գնացել, որովհետև անընդհատ պետք է շրջաններ գնամ, տարիքս արդեն էլ էն չի», - ասում է 64- ամյա երաժիշտը։ Նվագում է շաբաթը 2-3 օր, օրական 4-5 ժամ՝ տարբեր տեղերում։ Փողոցում նրա աշխատած գումարը տվյալ օրվանից է կախված. «Օրը 10 000 – 15000 աշխատում եմ , հերք ա էլի», - ավելացնում է Վլադիկ Ստեփանյանը։ Երաժիշտն ասում է՝ փողոցը բեմահարթակ է ընտրել ոչ իր ցանկությամբ. «Կյանքն ա ստիպել, որ գամ փողոցում երգեմ, ուրիշ ճար չկար»։ Երաժիշտը, սակայն, վստահեցնում է՝ փողոցում իրեն լավ են վերաբերվում, իր երգերը մեծ սիրով լսում են նաև երիտասարդները. «Ինձ հետ լավ են՝ գալիս են կանգնում, լսում, ոչ ոք իմ չափ չի աշխատում», - ասում է Վլադիկ Ստեփանյանը։ Երգիչն այն կարծիքին չէ, թե այսօր հասարակությունը չի լսում ժողովրդական երգեր. «Էս տաշի-տուշիները էնքան չեն լսում, մարդիկ գալիս ինձ են լսում ու ասում, որ մեծ բավականություն են ստանում»։ Այսօրվա հայկական երգարվեստը լավ վիճակում չէ՝ նկատում է երաժիշտ Ստեփանյանը. «Երիտասարդությունը լավն ա, պետք է տիրություն անես, որ լավ երգեն»։ Ստեփանյանի խոսքով՝ հայկական ժողովրդական երգարվեստում կան կատարողներ, որոնք հավուր պատշաճի են ներկայացնում երգերը, նա նույնիսկ աշուղական երգարվեստում ունի իր սիրելի երգիչները. «Գուրգեն Դաբաղյաննա շատ ընտիր կատարում, Ջիվանու անվան անսամբլը, շատ մեծ հաճույքով եմ լսում նրանց երգերը», - հավելում է երաժիշտը։