Երուսաղեմից կենդանատեսակներ ենք նվեր ստացել
Երևանի կենդանաբանական այգու զարգացման հեռանկարները, դրանց ուղղված առաջարկություններ ու աջակցության հարցեր են քննարկել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը՝ Արտիսի թագավորական կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանի (Նիդերլանդներ), Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգու տնօրեն Շայ Դարոնի (Իսրայել), ինչպես նաև Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգու կառուցվածքային այլ ճյուղերի ղեկավարներների հետ։ Հիմնավորելով կենդանաբանական այգիների դերը քաղաքների զբոսաշրջության զարգացման համատեքստում՝ Արտիսի թագավորական կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանը հատկանշել է, որ Երևանի կենդանաբանական այգին ունի զարգացման աներևակայելի մեծ ներուժ՝ ինչպես քաղաքային իշխանությունների տրամադրվածության, այնպես էլ այգու տնօրինության շնորհիվ։ «Կենդանաբանական այգին մի փոքրիկ աշխարհ է քաղաքի մեջ, հետևաբար, տարբեր երկրների քաղաքների կենդանաբանական այգիների համար շատ կարևոր է համագործակցությունը, փորձի փոխանակումը միմյանց միջև։ Մենք սիրով պատրաստակամ ենք փոխանցելու մեր երկարամյա փորձը Երևանի կենդանաբանական այգուն»,- հավելել է Արտիսի թագավորական կենդանաբանական այգու տնօրենը։ Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգու տնօրեն Շայ Դարոնի խոսքով՝ ուշագրավ է հատկապես այգու տեղակայման բնական դիրքն ու տեղանքը, ինչը բավականին մեծ հնարավորություններ կարող է տալ կենդանաբանական այգիների կառուցմամբ մասնագիտացած ճարտարապետներին։ Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել այգու զարգացման միտումները, ազատավանդակներ կառուցելու և այլ ծրագրերը։ Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգու տնօրեն Շայ Դարոնը նշել է նաև, որ իրենց այգում բնակվում են բազմաթիվ կենդանատեսակներ, որոնք իրենք նվիրել են Երևանի կենդանաբանական այգուն, և պայմաններ ստեղծվելուն պես, այդ կենդանիները կտեղափոխվեն Երևանի այգի։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչույթուն