Գյուղացիները զրկվել են իրենց հողերից
Արմավիրի մարզի Արազափ գյուղի բնակիչ Բագրատ Վարդանյանը կորցրել է ապրուստի միակ միջոցը։ Բանկը չմարված վարկերի դիմաց վերցրել է նրա հողամասը։ Սակայն հողամասից զրկվել է ոչ իր պարտքերի պատճառով։ Բագրատ Վարդանյանը երաշխավոր է կանգնել հորեղբոր վերցրած վարկի համար։ Հորեղբայրը չի կարողացել վարկը մարել, որի պատճառով բանկը երաշխավորի հողամասն է վերցրել։ «Հորեղբայրս վարկ վերցրեց, հողամասում բերք դրեց, բայց չկարացավ բերք ստանալ, վարկը փակել` ինքն էլ իր ապրուստից զրկվեց, ես էլ»,- ասում է արազափցին։ 10 տարի հողագործությամբ զբաղվող գյուղացին հայտնվել է անելաանելի վիճակում: Հողը հետ բերել չի կարող, իսկ մշտական աշխատանք չունի. «Բանկը թույլ ա տվել՝ մեր հողը մշակենք բերք ստանաք, տեսնենք այս գարնանը ինչ կասի, կշարունակե՞նք մեր հողի վրա աշխատել, թե ոչ,- նշում է նա` հավելելով,- գյուղացին եթե հող չունենա, ո՞նց կարողա ապրի»: Բագրատ Վարդանյանին բախտակից ընկերներ Արազափում շատ կան: Մեկ տարվա ընթացքում ավելի քան 15 արազափցի կորցրել է իր հողամասը: Համայնքի բնակիչների 80 տոկոսը վարկառու է՝ ասում է համայնքի ղեկավար Մանվել Հարությունյանը: Նրա փոխանցմամբ` գյուղացիներից շատերը վարկ են վերցրել, իրար երաշխավորել ու վարկը մարելու խնդրի առաջ են կանգնել: Արդյունքում չկարողանալով վարկը մարել` կորցրել են հողամասերը: «Աշխատող մարդիկ են, աշխատում են, վարկերը փակում, որ փող ունենան՝ կարողանան հողերը գնեն` բանկը աճուրդով էդ հողերը էժան վաճառում է»,- գյուղացու վիճակն է ներկայացնում Հարությունյանը: