Նախարարի խորհուրդը Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ)
Կենսաթոշակային բարեփոխումներին գնահատական տալու համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Գագիկ Ծառուկյանին խորհուրդ է տալիս ամբողջությամբ պատկերացնել դրա նպատակը: ԲՀԿ նախագահը կուսակցության 7-րդ համագումարի ընթացքում այս բարեփոխումները որակել էր անմարդկային և անարդյունավետ: Ըստ նախարարի` այս որոշումը այլընտրանք չունի և ուշացած է. «Ուստի որքան ուշացնեինք այդ բարեփոխումները, այդքան շատ ավելի ծանր իրավիճակ կառաջանար հաջորդ կառավարությունների համար: Հետևաբար, պիտի գնահատենք իշխանության քաջությունը՝ այդ բարեփոխումները կյանքի կոչելու առումով»: Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշում է, որ իրենք կանխատեսել էին դժգոհության ներկայիս ալիքը. «Դրա համար գործատուների հետ աշխատել ենք, սիստեմը էնպես ենք արել, որ ամենամատչելին լինի»: Պարոն Երիցյանը արդեն հորդորում է քաջություն ունենալ և իրականացնել բարեփոխումները. «Հակառակ դեպքում մենք բոլորս գնում ենք փակուղի, մի քանի տարի հետո ավելի բարդ ա լինելու էս տիպի բաներ անել»: Իսկ «Դեմ եմ» խմբի անդամները շարունակում են պնդել, որ ոչ Սերժ Սարգսյանի աջակցությունն այս համակարգին, ոչ էլ ոլորտի մյուս պատասխանատուների հորդորներն իրենց պայքարի ընթացքը չեն շեղի. «ՀՀ տնտեսությունը չունի այն միջոցները, որ մարդկանցից երկարատև փող վերցնի և 20-30 տարի հետո վերադարձնի, մենք պայքարելու ենք մինչև վերջ, պայքարը ձեռք է բերելու ցանցային բնույթ»,- ասաց նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը: