Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությանը դեմ են եղել ինչ-որ անձինք (տեսանյութ)

Հասարակություն
zaven

«Նիմֆոմանուհի» ֆիլմը, որի ցուցադրությունը Երեւանում չկայացավ մեծ աղմուկի արդյունքում, Բեռլինի կինոփառատոնի մեծ հիթերից է։ Կինոգետ, գրականագետ Զավեն Բոյաջյանը զարմացել է, թե ինչու Հայաստանում «Սինեմա սթար» կինոթատրոնը հրաժարվեց ֆիլմի ցուցադրումից։ «Նախ, ֆիլմը պետք է հայերեն թարգմանությամբ լինի «Հեշտամոլը»։ Կինոթատրոնի տնօրինությունը ֆիլմը ներկայացրել է որպես պոռնոդրամա։ Հասկանում եմ այդ կինոթատրոնի մտահոգությունը՝ ուշադրություն գրավելու առումով, փորձել է գրավել հանդիսատեսի այն մասին, որն այսպես ասած չտես է։ Այնուհետեւ, որոշել է, որ պոռնոդրամա բնորոշումը շատ մեծ է, հետո «սթափվել» է, թե հրահանգներ է ստացել, հայտարարել է, որ ֆիլմը չի ցուցադրվելու»,-այսօր խոսելով «Նիմֆոմանուհի» ֆիլմի մասին՝ ասաց կինոգետը։ Նրա խոսքերով, կինոթատրոնի ղեկավարությունը փաստեր է բերվել, որ ֆիլմի ցուցադրությանը դեմ են ինչ-ինչ անձինք եւ հասարակական խմբեր։ «Ռուսական մամուլին տված հարցազրույցում կինոթատրոնի մարքեթինգի բաժնի ներկայացուցիչն ասել է, որ կինոթատրոնի այդ որոշման հիմքը այն հանգամանքն է, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ այդ ֆիլմին»,- նշեց Զավեն Բոյաջյանը՝ հավելելով, որ ինքը հասարակական ընդվզում չի տեսել։ «Ես դեմ եմ երեւույթին, որ որեւէ ֆիլմ՝ ինչ-որ ստահոդ պատճառաբանություններով կարող է արգելվել։ Ինձ դուր չի գալիս, որ ինչ-որ մարդիկ իմ փոխարեն կարող են որոշել, թե ինչ նայեմ, ինչ լսեմ, ինչ կարդամ»։ Նրա խոսքով, եթե Հայաստանը ուզում է ապրել անտառի մեջ եւ ոչինչ չլսել, չիմանալ, ապա դժվար աշխարհի մի մասը դառնա։   Բլոգեր Տիգրան Քոչարյանը որոշ չափով համաձայն է կինոգետի հետ. «Իմ կարծիքով, «Սինեմա սթարն» ուղղակի սադրեց ժողովրդին, դա հենց Տրնդեզի օրը պետք է ցուցադրվեր, մի սադրանք, որպեսզի հավատացյալ մարդիկ, որոնք ցանկություն չունեն, որ պոռնո ցուցադրվի, իրենց բողոքն արտահայտեն։ Լավ աղմուկ բարձրացավ, նպատակը՝ որ բոլորն իմացան «Սինեմա սթարի» մասին»։ Իսկ կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը կարծում է, որ նման ֆիլմեր պետք է ցույց տան. «Մենք լուրջ խնդիրներ ունենք, երբ խոսում ենք ցենզուրայի մասին։ Մարդ պետք է հասկանա ինչն է արվեստ, ինչն է պոռնոգրաֆիա։ Ես չեմ համարում, որ սա մշակութային քաղաքականություն է»,-նշեց կինոռեժիսորը։