Տեղաշարժ՝ կոմպոզիտորների միությունում
Կոմպոզիտորների միությունում որոշակի տեղաշարժ եւ ամենակարեւորը որոշ հարցերի շուրջ միասնություն կա։ Համոզված է միության անդամ Մարտին Վարդազարյանը։ «Ես կարծում եմ, որ դա հեռանկարային է, ոչ թե փորձել մեկ օրվա մեջ լուծել, այլ քայլ առ քայլ խնդիրները դնելով։ Հենց այդպես էլ արվում է»,- «Ա1+»-ին ասաց կոմպոզիտորը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Կոմպոզիտորների միության 22 տարվա նախագահ Ռոբերտ Ամիրխանյանն ընտրություններում ավելի քիչ ձայն ստացավ, քան Արամ Սաթյանը։ Կոմպոզիտորների միության անդամներից շատերը Ռոբերտ Ամիրխանյանին մեղադրում էին միայնակ որոշումներ կայացնելու եւ իրենց կարծիքը երբեւէ հաշվի չառնելու մեջ։ Մարտին Վարդազարյանի խոսքերով՝ Կոմպոզիտորների միության նորընտիր նախագահ Արամ Սաթյանը պետք է հնարավորություն ստեղծի, որ յուրաքանչյուր կոմպոզիտոր իր գործը լսի։ «Եվ ոչ միայն ընթացիկ համերգներ լինեն, այլ նաեւ հաջորդաբար լինեն ներկայացումները՝ թե կամերային եւ թե սիմֆոնիկ»,- ավելացրեց պարոն Վարդազարյանը։ Ըստ Մարտին Վարդազարյանի՝ պետք է հայ երաժշտությունը ճանաչելի դարձնել ավելի լայն շրջանակներում, այլ ոչ միայն Երեւանում եւ Հայաստանում։ «Ամեն ինչ գալիս եւ դեմ է առնում նյութական հնարավորություններին, ճիշտ է կարող է սկսվել, բայց դրան ֆինանսական սնուցում է հարկավոր։ Կարծում ենք, որ կհարթվի ճանապարհը»,- լավատեսությամբ ավարտեց իր խոսքը Երեւանի ավագանու հանրապետական խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանը։