«Խոսափողը վերանորոգեք» (տեսանյութ)
Քաղաքամայր Երեւանի հիմնով այսօր բացվեց Երեւանի քաղաքապետարանի ավագանու 3-րդ նստաշրջանը։ Ավագանու 65 անդամներից ներկա էին 63-ը։ Ավանդույթի համաձայն՝ ամենաակտիվը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն էր, սակայն նրա խոսափողը խնդիրներ ուներ։ «Տիկին Բախշյանի խոսափողը վերանորոգեք»,-տեխնիկական խնդրի մասին իմանալուց հետո այսպես արձագանքեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Օրակարգում ընդգրկված 21 հարցերից տիկին Բախշյանն առանձնացրեց Երկրապահ կամավորականների միությանը անվարձահատույց 5 տարի ժամկետով Անդրանիկի թիվ 125/5 հասցեում 809 քմ տարածք հատկացնելու հարցը։ Այս պահին տարածքի մի հատվածում մանկապարտեզ է գործում։ «Այդքան ժամանակով մանկապարտեզի տարածքը տալուն «Բարեւ Երեւանը» դեմ է, մենք կողմնակից ենք, որ մանկապարտեզը վերադարձվի երեխաներին»,-ասաց Անահիտ Բախշյանը։ Տարոն Մարգարյանն էլ հակադարձեց. «ԵԿՄ-ի կողմից հայտ է ներկայացվել թանգարան հիմնելու եւ զոհվածների մայրերին եւ ընտանիքների հավաքման կենտրոն լինելու համար։ Մենք դեմ չենք՝ կողմ ենք եւ մենք բարոյական պարտավորություն ունենք այդ ընտանիքների նկատմամբ»։ Տիկին Բախշյանի տեսակետը չխանգարեց, որպեսզի ավագանու 53 անդամները կողմ քվեարկեն որոշմանը։ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր անդրադարձավ նաեւ մայրաքաղաքի 4-րդ կարգի վթարային շենքերի խնդրին: 2014 թ-ին նախատեսվում է եւս 2 բազմաբնակարան շենք կառուցել՝ վթարայիններում ապրողներին նոր բնակարաններով ապահովվելու համար։ Իսկ մայրաքաղաքի 3-րդ կարգի վթարային շենքերը քաղաքապետարանը մտադիր է ամրացնել։