Լուկաշինում խմելու ջուրը դույլերով գնում են
Շուրջ 5 տարի է՝ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի բնակիչները խմելու ջուր են գնում: Շաբաթական երկու-երեք անգամ Թալինից մաքուր ջուր են բերում, և գյուղացին դույլը 100 դրամով մաքուր ջուր է գնում: Լուկաշինցիները գնում են միայն խմելու ջուրը, իսկ կենցաղային կարիքների համար օգտագործում են արտեզյան ջրերը: Լուկաշինում 4 արտեզյան հոր են փորել, պոմպեր տեղադրել ու կենցաղում խմելու ջրի փոխարեն օգտագործում են ընդերքից եկող ջրերը: Բնակիչների խոսքով, սակայն, արտեզյան ջուրն անորակ է, պիտանի չէ օգտագործման համար: «Ամեն ինչին փող ենք տալիս, ջուրն էլ անգամ առնում ենք, էսպիսի բան ո՞վ ա տեսել, ինչքան գնում ենք չի հերիքում՝ մեծ ընտանիք է՝ ջուր խմել է, ճաշ եփել է։», - դժգոհում է Լուկաշին գյուղի բնակչուհի տիկին Արաքսյան և հավելում՝ ամսական կլորիկ գումար միայն ջուր գնելու համար են ծախսում։ Բնակչուհիներից մեկ ուրիշն էլ ասում է՝ հատկապես ամռանը ջուր շատ են օգտագործում. «Սաղ տան հոգսերը առնովի ջրով ենք հոգում, - նշում է գյուղացին,- այսպես ապրելն այլևս Լուկաշինում անհնար է դարձել։ Լուկաշին համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանի խոսքով՝ ջրի հարցը գյուղի ամենամեծ խնդիրն է։ Ըստ համայնքի ղեկավարի՝ արտեզյան հորերի վրա երեք բաք է տեղադրվել։ Գումարը չի հերիքում ջրագծի խողովակները փոխելու համար. «Ցանցը հնամաշ է, պետք է անպայման փոխել, բայց ամեն ինչ գումարից է կախված, բյուջեով դժվար է նման ահռելի ծախսը միանգամից լուծել», - ընդգծում է Մկրտչյանը։ Համայնքի ղեկավարը նկատում է՝ գյուղում ջրի բացակայությունը նպաստում է նաև արտագաղթին։ Ասում է ՝ գյուղում գրանցված է 3160 մարդ, սակայն բնակվում է 2000-ը։