Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձկների անկման պատճառը հայտնի կդառնա 3 շաբաթից

Հասարակություն
ձուկ

Զանգու գետում ձկների անկման պատճառները հայտնի կդառնան 3 շաբաթից ոչ շուտ: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը: Հիշեցնենք , որ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 4-ին տարածել էր տեղեկատվություն այն մասին, որ Երևանի Դավիթաշենի կամրջից մինչև «Հաղթանակի» կամուրջ ընկած հատվածում` Զանգու գետում, ձկները անկել են և ափ դուրս եկել: Արմեն Վարդանյանը հայտնեց, որ ԲՆ մասնագետները դեռ փետրվարի 3-ին ձկների նմուշները հանձնել էին Սննդի անվտանգության պետական տեսչությանը, որի լաբորատորիայում էլ ուսումնասիրվում են անկման պատճառները, քանի որ ԲՆ բնապահպանական պետական տեսչության լաբորատորիայում կատարվում են միայն ջրի և օդի անալիզներ: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ինգա Զառաֆյանն «Ա1+»-ին ասաց, որ իրենք հնարավոր են համարել ձկների անկման 3 վարկած : Զառաֆյանը միաժամանակ չբացառեց, որ պատճառը կարող է այլ լինել: Առաջին վարկածը եղել է «Երևանջուր» ՓԲԸ կայանից քլորի արտահոսքը գետ: Սակայն կայանից հերքել են արտահոսքի վարկածն՝ ասելով, որ իրենց խողովակները գետի տակով են անցկացված: Երկրորդ վարկած է դիտարկվել «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ-ի ալյումինի գործարանի արտադրական թափոնների արտահոսքը գետ, բայց գործարանը ևս հերքել է այդ վարկածը: Երրորդ վարկածն այն է, որ ձկնորսները կամ այլ մարդիկ, ովքեր ձկներ են հանձնում մոտակա օբյեկտներին, քլոր են լցրել գետ՝ նկատի ունենալով, որ քլորը շատ արագ ցնդում է, հետքեր չի թողնում: Այս եղանակով միանգամից 5-10 կգ ձուկ կարելի է սպանել: Զառաֆյանի խոսքով՝ եթե լաբորատորիայում ձկների մեջ հայտնաբերվի քլոր, ապա դա կվկայի, որ այս վարկածն անհիմն չէ: Զառաֆյանը միաժամանակ նշեց, որ իրենք չեն տեսել, որ ձկնորսները նման քանակությամբ ձուկ հավաքեն: «Աղբյուրը պետք է հայտնաբերի բնապահպանության նախարարությունը: Մենք սպասում ենք լաբորատոր հետազոտությունների արդյունքներին»,- ասաց «ԷկոԼուրի» նախագահը: