Հայ մամուլն ու հայ գիրքը կթվայնացվեն (տեսանյութ)
Մշակույթի նախարարության այս տարվա գերակա խնդիրները չորսն են։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խոսեց դրանց մասին: «2014թ. հրատապ կարգավորման խնդիրներից առաջինը վերաբերում է օրենսդրական դաշտին՝ մասնավորապես՝ հուշարձանների ոլորտում եւ թանգարանային գործում, երկրորդ հատվածը վերաբերում է կադրերին, որովհետեւ այսօր մշակույթի ոլորտի կադրերի ոչ թե այնքան պատրաստման, ինչքան վերապատրաստման գործընթացները շատ հրատապ կարգավորման անհրաժեշտություն ունեն։ Հաջորդը՝ Ցեղասպանության տարելիցին նախապատրաստական աշխատանքներն են։ Եւ չորրորդը վերաբերում է մեր ժառանգության թվայնացմանը»։ Նախարարը սկսեց վերջից։ Առաջինն անդրադարձավ ժառանգության թվայնացման խնդրին, Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ այս տարվանից Ազգային գրադարանը համագործակցելով այն գրադարանների հետ, որոնք ունեն համապատասխան նյութեր, իսկ դա հիմնականում Ազգային ակադեմիայի գրադարանն է, սկսել է իրականացնել հայ պարբերական մամուլի եւ հայ գրքի թվայնացման ծրագիր։ Հերթով անդրադառնալով բոլոր խնդիրներին, մշակույթի նախարարը վստահեցրեց, որ դրանց լուծման համար այս տարի կտարվեն համապատասխան աշխատանքներ։