«Տուրք է, թե թուրք է, սեքս է, թե սեխ է»
2012թ–ից փետրվարի 7-ը նշվում է որպես համացանցում հայատառ գրելու օր։ Նախաձեռնության հեղինակ Զոհրապ Եգանյանը, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը և քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին նախաձեռնության ազդեցության, սոցիալական ցանցերում հայատառ գրելու մշակույթի ձևավորման և խնդիրների մասին: «Օրը ընտրվել է շատ պատահական։ Արդեն զավեշտալի էր դարձել այն, որ հայերը գրում էին լատինատառ եւ հաճախ բառերը սխալ էին հասկացվում,այդ իսկ պատճառով նախաձեռնեցինք հայատառ գրելու օր։ Երկու տարվա ընթացքում խնդիրը մի փոքր լուծվել է։ Այժմ ֆեյսբուքի օգտատերերի մեծ մասը գրում է հայատառ։ Ժամանակակից աշխարհում մենք մերը պահպանելու խնդիր ունենք»,–ասաց նախաձեռնության հեղինակ Զոհրապ Եգանյանը։ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ ֆեյսբուքը խաբելու հատկություն ունի. երբ մտնում ենք լրատվականները, տեսնում ենք, որ մեկնաբանությունները լատինատառ են։ Լրատվականներից մեկն էլ նույնիսկ ստեղծել էր լատինատառ բովանդակություն, այսինքն՝ մենք լատինատառով կարող էինք կարդալ մեր հայ հեղինակներին։ Կարեն Քոչարյանը համաձայն չէր, որ պետք է պաշտոնականացնել փետրվարի յոթը. «Մենք ինչ պաշտոնականացնում ենք, այդ օրը հարգում ենք, իսկ մնացած օրերը մոռանում. օրինակ՝մարտի ութին, բանակի օրը գովաբանում ենք, մնացած օրերը ինչ ցեխ ասես՝ շպրտում ենք, չի կարելի այդպես։ Այս դեպքում էլ պետք է միշտ գրենք հայատառ, ոչ թե մեկ օր։ Ու այսօր շատերը լատինատառ են գրում ու չես հասկանում, թե ինչ են ուզում ասել՝ տուրք է, թե թուրք է, սեքս է, թե սեխ է»։ «Այսօր Մայր Աթոռը գրում է հաղորդագրություններ լատինատառով, բայց դա գալիս է նրանից, որ չկան հայատառ գրելու տեխնիկական պայմանները»,–նշեց Սամվել Մարտիրոսյանը։ Դիտարկմանը, որ այսօր շատերը օգտվում են խոսքի ազատությունից և սոցցանցերում գրում են գրառումներ, որոնք հայհոյանքներ են պարունակում, Կարեն Քոչարյանն արձագանքեց. «Դա խոսքի ազատություն չէ, դա խուլիգանություն է։ Մարդուն վիրավորելը և ազատ խոսքը տարբեր բաներ են։ Խնդիրը գալիս է նրանից, որ տարրական կրթություն չունեն այդ մարդիկ։ Երբ մտնում են ֆեյսբուք, դա չի նշանակում, որ կրթված են»։ Իսկ Սամվել Մարտիրոսյանն էլ ասաց. «Չկա ինչ–որ կառույց, որ հետեւի նման գրառումներին, հասարակությունն ինքը պետք է դա կարգավորի։Պետք է ուղղակի ջնջել նման բաները»։ Ի դեպ, բանախոսները կարծում են, որ ճիշտ չէ առաջին դասարանցիների ձեռքը պլանշետներ տալ, ինչը նախատեսում է ԿԳՆ-ն առաջիկա իր ծրագրերում։