Սերժ Սարգսյանը կմեկնի Սոչի
Սերժ Սարգսյանը ներկա կլինի 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Ինչպես տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունից, հայկական պատվիրակությունը Սոչի կմեկնի վաղն առավոտյան: Սերժ Սարգսյանի հետ կմեկնեն նաեւ մեր օլիմպիական պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաեւ ղեկավար այլ անձինք: Ինչ վերաբերում է մեր մարզիկներին, ապա նրանք արդեն գտնվում են օլիմպիական մայրաքաղաքում, որպեսզի կլիմայավարժվեն եւ ծանոթանան տեղի մրցուղիներին: ՕԽ-ի բացման արարողության ժամանակ Հայաստանի պատվիրակության դրոշակակիր կլինի 22-ամյա դահուկորդ Սերգեյ Դանիելյանը: Հիշեցնենք, որ Սոչի-2014-ին բացի նրանից կմասնակցեն նաեւ դահուկորդներ Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը: