«Հայաստանը շոկոլադներ այլևս չի ստանա»
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հույսեր չունի, թե Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագիրը կհանգեցնի տեղական իշխանությունների համակարգի բարեփոխման: Ծրագիրը նպատակ ունի համակողմանի իրավախորհրդատվություն տրամադրել Հայաստանի կառավարությանը: «Ա1+»-ի հետ զրույցում Լևոն Բարսեղյանն ասաց, որ առանց այս ծրագրի էլ տեղական ինքնակառավարման համակարգը կզարգանա, եթե պետությունը շատ լիազորություններ զիջի համայնքներին, համապատասխան ֆինանսավորում տրամադրի, կատարվեն օրենքում արդեն իսկ եղած պահանջները՝ հանրային մասնակցության, թափանցիկության վերաբերյալ: Բարսեղյանը հղում արեց Համայնքների ֆինանսիստների միավորման 2012 թ. ուսումնասիրությանը, ըստ որի՝ Հայաստանի 915 համայնքի բյուջեների հանրագումարը կազմում է համապետական համախառն բյուջեի ընդամենը 9 տոկոսը: «Սա չնչին տոկոս է, որպեսզի Հայաստանի համայնքները կարողանան ինքնուրույն, ինքնաբավ և կայուն տեղական զարգացում, տեղական իշխանություն ապահովել: Անընդհատ տեղական իշխանությունների հայացքը Երևանին է, կառավարությանը: Եվ սա լուրջ լծակ է պետական իշխանության ձեռքին թելադրելու, տեղական իշխանության զարգացումները որոշ ուղղություններով խթանելու, որոշ ուղղություններով արգելակելու համար»,- ասաց Լևոն Բարսեղյանը: Նրա կարծիքով՝ ծրագրի՝ արդյունքներ տալուն ուղղված մյուս խոչընդոտը ընտրությունների ժամանակ տեղական վարչական ռեսուրսի չարաշահումն է իշխող կուսակցության թեկնածուների օգտին «թաղային թափթփուկների» միջոցով: Լևոն Բարսեղյանը վստահ է, որ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո Եվրամիությունը կկրճատի Հայաստանի իշխանություններին ինստիտուցիոնալ բարեփոխումների համար տրամադրվելիք օժանդակությունը: «Դժվար է պատկերացնել, որ Եվրամիությունը Ազգային ժողովին փող կտա, որպեսզի ԱԺ-ն նստի-մշակի Մաքսային միությանը միանալու ճանապարհային քարտեզով նախատեսված օրենսդրությունը: Եթե նախկինում տվել է օրենսդրության բարեփոխման ընդհանուր ռեֆորմների համար, ապա հիմա էդպիսի շոկոլադներ Հայաստանը չի ստանա: Բնականաբար, Ռուսաստանից նույնպես չի ստանա»,- ասաց Լևոն Բարսեղյանը: