Արհեստի համար զարգացման դաշտ կստեղծվի
«Ժառանգաբար փոխանցվող արհեստները՝ զարգացման ընդհանուր հարթակ ստեղծագործական արտադրությունների հզորացումը Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում» ծրագիրը մոտենում է իր ավարտին։ Այսօր Մշակույթի նախարարությունում ամփոփվեցին երկու տարվա ընթացքում կատարված աշխատանքները։ Ծրագիրը ֆինանսավորել է ԵՄ-ն։ Ծրագրի հայաստանյան համակարգող Ռուզաննա Խաչատրյանը Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյան ներկայացրեց ծրագրի նպատակները եւ ամփոփեց աշխատանքները. «Ծրագրի շրջանակներում կատարվել են հետազոտություններ, առաջին փուլում մենք հավաքեցինք տվյալների բազա, մոտ 370-ից ավելի արհեստավորների, վարպետների։ Այս ծրագիրը մի քանի փուլերից էր բաղկացած առաջին եւ հիմնական նպատակներից մեկն այն է, որ հետազոտենք դաշտը, այդ ոլորտը, արհեստները եւ ընդհանրապես արհեստավորներին, ովքեր են այսօր տվյալ տարածաշրջանում աշխատում եւ ինչպիսի պայմաններում են նրանք աշխատում, որպեսզի տեսնենք՝ արդյո՞ք հնարավորություն կա հետագայում դա վերածելու արտադրական հիմքերի»։ Ծրագրի շրջանակներում հավաքագրվել են նաեւ 50 հուշանվերների խանութներ, ինչպես նաեւ արտադրություններ։ Արհեստագործներն իրենց արտադրանքները ներկայացրել են տարածաշրջանային եւ միջազգային ցուցահանդեսներում։ Ի դեպ, այսօրվա միջոցառմանը ներկա էին նաեւ վրաստանյան ծրագրի ներկայացուցիչները։ Շուտով կգործարկվի նաեւ նոր կայք, որը կներկայացնի Հայաստանում առկա արհեստները, տեղեկատվություն կլինի նաեւ արհեստանոցների, խանութների եւ թանգարանների մասին։ Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը կարծիք հայտնեց, որ ծրագիրը հաջողված է եւ հույս հայտնեց, որ աշխատանքները շարունակական կլինեն։