Գնված դիպլոմայիններով շրջանավարտներ (տեսանյութ)
Կուրսային կամ դիպլոմային աշխատանքներ պատրաստելու մեթոդը դասախոսական կազմին լիարժեք հնարավորություն է ընձեռում պատկերացում կազմել ուսանողների 4 կամ ավելի տարիների ստացած գիտելիքների մասին և ըստ արժանվույն գնահատել նրանց: Սակայն վերջին ժամանակներում մեկը մյուսի հետևից ստեղծվեցին ընկերություններ, որոնք ուսանողներին առաջարկում են իրենց փոխարեն կատարել կուրսային կամ դիպլոմային աշխատանքներ: Արդյո՞ք այս տեսակ ընկերությունների առաջարկները ծնվում են ուսանողների պահանջից: Ուսանողներից շատերը խոստովանում են, որ իրենց շրջապատում շատ են այդպիսի ընկերությունների ծառայություններից օգտվողները: Փաստորեն, ծույլ ուսանողների պահանջարկի շնորհիվ բիզնեսի այս տեսակը շարունակում է զարգանալ։ Նմանատիպ ընկերություններ գործում են գրեթե բոլոր ուսումնական հաստատությունների մոտակայքում, իսկ դրանց գովազդները փակցված են անգամ բուհերի պատերին: Ոմանց համար էլ Facebook-յան տիրույթն ու ինտերնետային էջերն են դարձել ուսանողների ուշադրությունը գրավելու միջոց: ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ այստեսակ ընկերությունների ստեղծումը կապված է նաև հասարակության սոցիալական վիճակի հետ. «Մարդիկ փող են աշխատում»: Չնայած այս փաստին՝ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ նախ ուսանողները պետք է չօգտվեն տրամադրվող ծառայություններից, այդ դեպքում այլևս կարիք չի լինի պայքարել օր օրի ավելացող այս ընկերությունների դեմ: Իսկ ահա ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Մենեմշյանի կարծիքով՝ կարելի նաև դիմել իրավական ճանապարհով լուծումների, սակայն նա հավելում է նաև, որ եթե տվյալ աշխատանքի ղեկավարը մի փոքր ուշադիր լինի, ապա ոչ մի ուսանող չի կարող գրագողության շնորհիվ բարձրացնել սեփական գիտելիքների գնահատականը: