Չեն լքի տներն առանց համարժեք փոխհատուցման
Մայրաքաղաքի Պռոշյան, Դեմիրճյան փողոցների և Սիրահարների այգուն հարող 4 հեկտար տարածքը կառավարության նոյեմբերի 28-ի նիստում ճանաչվեց որպես հանրային գերակա շահ և օտարվեց «Լոկալ դեվելոփերզ» ընկերությանը: Համաձայն կառավարության որոշման՝ այսպիսով «Երևանի կենտրոնից պետք է վերանա առկա խառը կառուցապատումը, ոչ սեյսմակայուն, հին ու խարխուլ շինությունները»: Կառավարության որոշման մասին փաստող նամակը օտարվող տարածքի բնակիչները ստացել են Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 30-ին: Նրանք պնդում են, որ տվյալ տարածքում ոչ սեյսմակայուն շինություններ չկան. «Մենք լրատվամիջոցներից ենք իմացել, որ նման բան են ասում, մեր շենքերը էտ վիճակում չեն»,- «Ա1+»-ին ասաց բնակիչներից Լուսիկ Պետրոսյանը: Մեկ այլ բնակիչ Ամալյա Ղազարյանն էլ նշեց, որ ամեն տարի կառավարությունը նոր որոշում է կայացնում իրենց տարածքների վերաբերյալ. «2012թ.-ին էլ նամակ եկավ, որ չի օտարվում, 2013-ին էլ, թե իբր պետք ա օտարեն: Ես երեք հատ երեխա ունեմ, ամուսնանում են, էտ թոռնիկները 50 քառակուսու մեջ կարո՞ղ են ապրել, միշտ ծնվել ենք ու ապրել այստեղ, հիմա չեն թողնում տուն կառուցենք»: Օտարվող տարածքում մեզ հանդիպած բնակիչները զայրույթ հայտնեցին, որ իրենց տներին հարող տարածքում մեծահարուստները շքեղ առանձնատներ են կառուցել, մինչդեռ իրենց թույլ չեն տալիս մեկ հարկ ավելի կառուցել. «Էս ինչ խտրականություն է, բոլորս այս երկրում պիտի հավասար լինենք: Միշտ ապրել ենք այստեղ, հիմա ոնց գիտենք՝ անընդհատ ճանաչվում է հանրային գերակա շահ, եթե թողեն մենք լավ տներ կկառուցենք: Հենա տեսնում ենք՝ Կոնդի, Հյուսիսային պողոտայի բնակիչները ինչ վիճակում հայտնվեցին, բոլորս էլ վախ ենք ապրում, ո՞վ կհավատա էս երկրին ու էս պետությանը»,- նշեցին նրանք: Նույն բնակիչները նաև ասացին, որ իրենք պատրաստ են լքել իրենց տները, սակայն միայն համարժեք փոխհատուցման պարագայում։ Նրանց խոսքերով՝ կառուցապատող ընկերության ոչ մի ներկայացուցիչ իրենց հետ բանակցությունների մեջ չի մտել, իսկ մյուս բնակիչների անունից հանդես եկող Սասուն Մկրտչյանն էլ նշեց, որ նախկինում կառուցապատող ընկերության հետ պայմանագիր էր կնքել 65 ընտանիք, սակայն ներկայումս նրանց թիվն ավելացել է։ «Լոկալ դեվելոփերզ» ընկերությունից խոստացան հավելյալ տեղեկացնել, թե երբ կիրականացվեն աշխատանքները տվյալ տարածքում, իսկ քաղաքապետարանից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել: