Պետությունն իր տված փողը հետ է վերցնում
Ամանորի տոներից հետո թոշակառուներն ստացան խոստացված մի քանի տոկոսով բարձրացված կենսաթոշակները: Թոշակառուների խոսքով` հայաստանյան գնաճի պայմաններում դժվար թե մի քանի տոկոսով բարձրացված կենսաթոշակները բավարարեն իրենց նույնիսկ ամենահամեստ պահանջները: 75- ամյա Հրաչ Սիմոնյանն ասում է, որ թեև իր կենսաթոշակը 6000 դրամով բարձրացել է, սակայն գազի, էլեկտրաէներգիայի վարձավճարներն ու սննդամթերքն են թանկացել. «Պետությունը իրա տված փողը մեկ էլ հետ ա վերցնում, սաղ ստացած թոշակը լույսին են տալիս, գազին», - «Ա1+»-ի հեզ զրույցում նշեց թոշակառուն: Թոշակառու Ժենյա Մովսիսյանը չի թաքցնում ուրախությունը, որ կենսաթոշակը բարձրացրել են: Տիկին Ժենյան, սակայն, մտահոգվում է, որ կենսաթոշակի բարձրացման հետ միաժամանակ ամեն ինչի գներն են թանկացել. «Հոսանքի, ջրի վարձերը, սնունդը, դեղերի գներն են բարձրացել, տված թոշակն էլ բավականացնում է միայն դեղերին ու ցամաք հացին»,- ավելացնում է նա: Մեկ այլ թոշակառու էլ դժգոհում է. «Ինձ ինչ օգուտ, որ բարձրացրել են. թոշակը բարձրացրել են, պապիրոսի գինն էլ՝ հետը, եթե ապրանքի գները չբարձրացնեին, ավելացրած գումարը մեզ ձեռնտու կլիներ»: