«ԵՎՐՈ-2008»-Ի ՆՈՐ ՄՐՑԱԿԱՐԳԸ ՁԵՌՆՏՈՒ ԿԼԻՆԻ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը Նիոնում կկայանա ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ժամանակ հնարավոր է մի շարք փոփոխությունների ընդունում մրցակարգի վերաբերյալ: Մասնավորապես, առաջարկվում է նոր մրցակարգով անցկացնել «Եվրո-2008»-ի ընտրական փուլը: Եթե առաջարկը ընդունվի, ապա ընտրական խմբերում 3-րդ հորիզոնականը գրաված թիմերը նույնպես իրավունք կստանան հանդես գալ եզրափակիչ փուլում: Ըստ այս տարբերակի 50 հավաքականները բաժանվելու է 7 խմբի ( 6 խումբ 7-ական թիմով, իսկ վերջինը` 8), որոնց հաղթողները միանգամից դուրս կգան հաջորդ փուլ, իսկ 2-րդ եւ 3-րդ տեղերը գրաված մասնակիցները փլեյ-օֆում կպայքարեն մնացած 7 տեղերի համար: Հիշեցնենք, որ «Եվրո-2008»-ին մասնակցելու իրավունք ունեն արդեն կազմակերպիչները` Շվեյցարիան եւ Ավստրիան:
Ներկայումս ընթացող 2006թ. աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլը այս տարբերակին բավականին մոտ է, սակայն այստեղ փլեյ-օֆի հանդիպումներ չկան:
Հայաստանի հավաքականը, որը եւս 6 երկրների հետ ընդգրկված է 1-ին խմբում անցկացրել է 5 հանդիում եւ դեռ առջեւում ունի 7 խաղ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՖՖ մեր ընտրանու համար հազվադեպ է կարողանում ընկերական հանդիպումներ կազմակերպել, «Եվրո-2008»-ի ընտրական փուլի նոր մրցակարգը ձեռնատու է նաեւ մեզ, քանի որ դա հնարավորություն կտա Հայաստանին առնվազն 12 հանդիպում անցկացնել:
Կքննարկվի նաեւ ակումբներում տեղացի ֆուտբոլիստների քանակը ավելացնելու հարցը: ՈւԵՖԱ-ն մեծապես մտահոգված է այս հարցով, քանի որ շատ ակումբներ իրենց կազմում ունեն ավելի շատ արտասահմանցիներ, քան սեփական երկրի քաղաքացիներ: Այսինքն նրանք շեշտը դնում են արտերկրի ֆուտբոլիստների վրա, ինչից տուժում են այդ ակումբների երիտասարդ խաղացողները:
Կորոշվի նաեւ, թե 2006/07թթ Չեմպիոնների լիգայի եւ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունների եզրափակիչները որտեղ են անցկացվելու:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը ընդունելու գլխավոր ֆավորիտը Մոսկվան է: