Ի՞նչ են նվիրում հայերը Ամանորին
Արդյո՞ք հայերն Ամանորին միմյանց նվերներ են նվիրում։ Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ մեր համաքաղաքացիներից։ Պարզվում է՝ նրանցից շատերը սիրում են նվերներ տալ միմյանց։
«Ամեն նոր տարվա գիշեր հանդիսավոր պայմաններում ընտանիքիս անդամներին և մտերիմներիս նվերներ եմ տալիս», - ասում է Նաիրա Մովսիսյանը։
Քաղաքացիներից Ռուզաննա Ավետիսյանն էլ ավելացրեց. «Գրպանիս պարունակության չափով եմ նվերներ տալիս»։
Մեր քաղաքացիներից մեկն էլ, ով չցանկացավ ներկայանալ, մեր հարցին պատասխանեց. «Ի՞նչ նվեր, նիսյայի վրա նստած ենք, փող ունե՞նք, որ նվեր առնենք»։
Մեկ այլ քաղաքացի կեսկատակ- կեսլուրջ նշեց. «Ես ինքս տեղով նվեր եմ իմ կնոջ համար»։
Պարզեցինք նաև, որ մեր քաղաքացիները չեն դժվարանում նվեր ընտրելիս, ինչպես իրենք են փաստում, նվիրում են՝ ինչ կարողանում են։
Նշենք, որ Ամանորյա նվերներ տալու սովորույթը գալիս է Հին Հռոմից: Ասում են՝ առաջին նվերները եղել են դափնու տերևներ, որոնք երջանկություն ու հաջողություն էին կանխատեսում եկող տարում: