Ամանորյա շատ սեղաններ միայն նկարելու համար են (տեսանյութ)
«Ավանդաբար հայկական սեղանների վրա դրվել է շատ մրգեղեն, չրեղեն, չրեղենից պատրաստված կերակրատեսակներ, սեղանի զարդը եղել է տարեհացը, որի մեջ դրված է եղել հաջողության հատիկը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը` խոսելով հայկական ավանդական ամանորյա կերակրատեսակների մասին: Նրա խոսքով` ծիսական ուտելիքներն իրենց մեջ խորհուրդ են պարունակել, իմաստ, նպատակային են պատրաստվել:
Սեդրակ Մամուլյանը նշեց, որ հայկական խոհանոցից դուրս են մնացել այնպիսի ավանդական կերակրատեսակներ, ինչպիսին է քաշիկան: Վերջինս հարիսայի տարատեսակ է, ինչը պատրաստվում է հավի մսից և ձավարից, սակայն պատրաստվում է առանց խառնելու. «Չի խառնվում, որ եկող տարին խառը չլինի` պատերազմներ չլինեն», - ավելացրեց նա:
Նա ընդգծեց, որ հայկական շատ ավանդական կերակրատեսակներ այսօր բացակայում են ամանորյա սեղաններից. «Այսօր շատերը ձևի հետևից են ընկել՝ մոռանալով բովանդակությունը:Կան սեղաններ, որոնք այնպես են զարդարված, որ կարելի է միայն նայել, նկարել, այնտեղ ճաշակելիք դժվար թե գտնես», - հավելեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահը:
Անդրադառնալով ամանորյա սեղաններին կոկորդիլոս դնելու հարցին՝ Մամուլյանն ասաց. «Խոզի բուդն, ինչպես նաև կոկորդիլոսները, խորթ են մեր խոհանոցին»: