Խոզի բուդի փոխարեն՝ հալվա ու փոխինդ
«Տոնացույց» ժողովրդական թատրոնի ղեկավար Հասմիկ Բաղրամյանը տոնական այս օրերին հայ ընտանիքներին խորհուրդ է տալիս Նոր տարին և Սուրբ Ծնունդը տոնել մեր ավանդական, հայկական ձևով. «Խոզի բուդ ու դոլմա երբ ուզենք, կարող ենք ուտել, այդ օրերին պետք է հալվա, փոխինդ ուտել, որոնք տարվա մեջ շատ չենք օգտագործում»,- նկատում է նա:
Տիկին Բաղրամյանը հիշեցնում է`եթե ծառի արմատները չջրենք, այն երբեք չի մեծանա. «Մենք հեռանում ենք մեր արմատներից, մեզ թվում է, թե դրսից բերված գաղափարներն ու սիմվոլներն ավելի լավն են: Հնում Սուրբ Ծննդյան գալուստը ավետում էին երեխաները`երգելով ու շրջելով, իսկ Կաղանդ պապին կերպար էր, ով հյուր էր գալիս աննկատ ու բերում խորհրդանշական նվերներ: Այսօր Սուրբ Ծննդյան օրը մարդիկ ասում են ինչ լավ է`պրծանք, կարծես բեռնաթափվելու օր լինի»:
«Տոնացույց» ժողովրդական թատրոնի ղեկավարը հասկանում է, որ այսօր հայկական ընտանիքները դժվար թե կարողանան տոնի ավանդական բովանդակությունը պահել, բայց հայ տնային տնտեսուհիներին հորդորում է տոնական սեղանը պատրաստելիս չշրջանցել մեր ավանդական կերակուրները՝ սերմ պարունակող ուտեստներ, օրինակ լոբիով ինչ-որ կերակուրներ, անպայման ընդեղեն լինի, պարտադիր՝ աղանձ: Այսինքն՝ բուսական բարիքներ լինեն, ոչ թե կենդանական: «Խորհուրդը մեռնող և հարություն առնող աստվածությունն է, և շատ կարևոր է սեղանին բանջարեղենը`օրինակ ավելուկը»,- խորհուրդ տվեց տիկին Բաղրամյանը: