«Փակ շուկան` անօրինականության օղակի մասնիկ» (տեսանյութ)
Տարին ավարտվեց, սակայն ի պաշտպանություն Փակ շուկայի պայքարը չի ավարտվի: Խոստանում է Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը. «Նախ չկա Ծածկած շուկայի պայքարը առանձին, սա մի օղակ է ամբողջ շղթայում, անօրինականությունների, ապօրինությունների մի ամբողջ շարքում»:
Պարոն Խզմալյանը այս օղակի մասնիկ է համարում նաեւ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ սրճարաններ կառուցելու հանգամանքը, ինչպես նաև Գառնու հեթանոսական տաճարի մոտ սրճարանի կառուցումը. «Դա հերթական մի խուլիգանություն է, որ կատարվում է պետության կողմից»:
Ճարտարապետական եւ քաղաքաշինության ոլորտում առկա անօրինականությունների շարքում ակտիվիստ Կարո Եղնուկյանը նույնպես առանձնացնում է Փակ շուկան: Այս պահին նա շուկայի արտաքին տեսքից ավելի կարեւորում է սեյսմակայունությունը: Ակտիվիստն ու ճարտարապետ Սաշուր Քալաշյանը այս մասին նամակ են հղել Արտակարգ իրավիճակների նախարարին և քաղաքապետին. «Սակայն դեռ պատասխան չկա իրենցից: Իհարկե, մեր նամակը նախապատրաստական քայլ է մեր հետագա դատական պրոցեսին, որովհետև եթե դիմում ես դատարան, դատարանը ուզում է տեսնել, որ դու բոլոր եղանակները փորձել ես»:
Մինչ դատական ճանապարհով Փակ շուկայի սեյսմակայունության խնդիրը վիճարկելը Նախախորհրդարանը սպասում է շուկայի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի հանգուցալուծմանը: Տիկին Փոստանջյանը պահանջում է Փակ շուկայի ապօրինի կառուցապատման համար քրեական հետապնդում սկսել և պատասխանատվության ենթարկել շուկայի սեփականատեր, գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: