Հայ փաստաբանները Ֆրանսիայում են
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը այցելել է Ֆրանսիայի Փարիզ և Ստրասբուրգ քաղաքներ:
Հայ փաստաբանական համայնքի ներկայացուցիչները այցելել են Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ), որտեղ նրանց ընդունել է Հայաստանից Եվրադատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը: Վերջինս ներկայացրել է ՄԻԵԴ-ում ՀՀ-ի դեմ ներկայացված դիմումների և կայացված վճիռների ընթացքի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ դատարաններում առկա խնդիրներին:
Այցի մասնակիցները այցելել են նաև Ստրասբուրգում գտնվող Եվրախորհրդի Գլխավոր գրասենյակ, որտեղ հանդիպել են ԵԽ Հայաստանի ներկայացուցչի հետ: Մասնակիցները ծանոթացել են ԵԽ-ի աշխատանքային օրակարգին:
Մասնակիցները Ֆրանսիայի խորհրդարանում ինտերակտիվ սեմինարի միջոցով ծանոթացել են օրենդիր մարմնի աշխատանքններին:
Հայ փաստաբանները այցելել են նաև Ֆրանսիայի Արդարադատության Պալատի՝ աշխարհի հնագույն իրավաբանական գրականության թանգարան, ծանոթացել ցուցանմուշներին: Հայ փաստաբանների պատվիրակությունը եղել է նաև դատական նիստերի միջնադարյան դահլիճներում, որտեղ տեղի են ունեցել պատմական նշանավոր դատավարություններ, ինչպիսին է հանրայատ Սառա Բեռնարի դատավարությունը:
Հայաստանի պատվիրակությանը ընդունել է նաև Եվրոպական Արբիտրաժային Պալատի համանախագահ Ավիգդոր Գռեյսը, ով վարել է «Վեճերի այլընտրանքային լուծումը Եվրոպայում» թեմայով սեմինար:
Այցի մասնակիցներին իր փաստաբանական գրասենյակում ընդունել է Փարիզում գործող հայ փաստաբան Դավիթ Հարությունյանը և Փարիզի հայ համայնքի ներկայացուցիչ Ռայմոն Եզեգելյանը: