Թուրքական լոլիկը խփում է գյուղացու գործին
Ոսկեհատ գյուղից Արինա Պողոսյանն այս ձմեռ ջերմոցը չի մշակելու: Նրա խոսքով՝ իրեն չի հաջողվում տեղական շուկայում իրացնել իր ջերմատանն աճեցրած լոլիկն ու վարունգը: Պատճառն, ըստ գյուղացու, Թուրքիայից ներկրված լոլիկն է. «Ով ա կիլոն 1000 դրամով մեր տեղական ջերմոցում մշակած պոմիդորն ու վարունգն առնելու, թուրքականը թողնում է՞, որ մերն առնեն», - մտահոգվում է հողի մշակը:
«Եթե պաշտպանեին սեփական արտադրողների շահերը, չէի հրաժարվի ջերմոց մշակելուց։ Եթե գազի գինը բարձրացել է, մենք պետք ա ստիպված մեր բանջարեղենը թանկ վաճառենք, որ կարողանանք գոյատևել», - «Ա1+»-ի հետ զրույցում նշեց գյուղացին և հավելեց, որ թուրքական բանջարեղենը հայկական շուկայում իրացվում է էժան՝ ներկրված լոլիկները վաճառվում են կիլոգրամը 450-500 դրամով։ Հետեւաբար ձեռնտու չէ ծախս անել ու լոլիկ մշակել, երբ այդ ծախսը չես կարող հանել։
Տիկին Արինայի խոսքով՝ միգուցե դրսից տպավորություն է ստեղծվում, թե ջերմոցային տնտեսությունը հսկայական եկամուտ է ապահովում գյուղացու համար, սակայն ճիշտ հակառակն է` բավական ծախսատար է, տանջանքն էլ՝ կրկնակի։
Նա նաև նշեց, որ ջերմոցից ստացած եկամուտը հացին, ձեթին, շաքարավազին և մակարոնին է բավականացնում. «Աշխատանք էլ չունեմ, որ անեմ, հողը չմշակեմ», - իր դժգոհությունը հայտնեց Ոսկեհատ գյուղի բնակչուհին։