Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կ. Աղամյան. «Մի՛ խառնվեք մեր գործերին»

Հասարակություն
533932832aa826451b63ca20b4ff6a5b

Նկարիչների միության տասնութերորդ համագումարում միության նախագահի թեկնածու Կարեն Աղամյանն ընտրվելու դեպքում կկազմակերպի ստեղծագործական քննարկումներ եւ կստեղծի փոխօգնության ֆոնդ, որը կօգնի կարիքավոր նկարիչներին: «Երկրում, որտեղ մշակույթը հետին պլան է մղված, մեր ձայնը լսելի դարձնելու համար պետք է միասնական լինել, մեր կազմում կան այնպիսի մարդիկ, որոնք ուզում են, որ նկարիչների միությունում մթնոլորտը լարված լինի: Անելիքներ շատ կան, առաջընթաց հնարավոր է գրանցել խաղաղ միջավայրում, թույլ մի տվեք, որ մեր բարի համբավը ցեխոտեն,- ներկայացնելով իր ծրագիրը՝ նշեց Կարեն Աղամյանը՝ հավելելով, որ վերընտրվելու դեպքում կլինի զսպված,- ամեն ինչ կանեմ, որ այն կղզյակը, որը կա՝ չփլուզվի»:

Դահլիճից նկատեցին, որ համագումարի ամբողջ ընթացքում Կարեն Աղամյանը նստած է համագումարը նախագահողների կողքին: Պարոն Աղամյանին առաջարկեցին իջնել բեմից եւ նստել բոլորի նման դահլիճում: Կարեն Աղամյանը հորդորեց չխառնվել իրենց գործերին, մի քանի նկարիչ էլ բացականչեցին, որ պետք է վռնդել նման առաջարկ անողին: Համագումարը նախագահողներից Սամվել Սեւադան նշեց, որ Կարեն Աղամյանն իրենց օգնում է կազմակերպչական հարցերում: Ելույթ ունեցավ նաեւ թեկնածուներից Ռոբերտ Այվազյանը և վստահեցրեց, որ իր թեկնածությունը դրել է բազմաթիվ գործընկերների առաջարկով:

«Նկարիչների միությունը մեր բոլորիս տունն է, մենք իրավունք չունենք շարունակաբար լինել հարվածի տակ: Անընդունելի եմ համարում վերջին շրջանում գոյություն ունեցող առճակատումը: Պարոն Աղամյան, պետք չէ գնալ առճակատման, պետք է համագործակցել բոլորի հետ: Ընտրվելու դեպքում ես սերտ կհամագործակցեմ բոլորի հետ»: Պարոն Այվազյանն ընտրվելու դեպքում խոստացավ նաեւ ապահովել նախագահության գործունեության լիարժեք թափանցիկությունը, ֆինանսական հարցերի շուրջ լուծումներ ընդունել միայն բոլոր սեկցիաներում քննարկելուց հետո, քայլեր ձեռնարկել նկարիչների կենսաթոշակների վերանայման ուղղությամբ:

Նկարիչների միության տասնութերորդ համագումարում նշվեցին այն խոստացված ու չլուծված խնդիրները, որոնց մասին բարձրաձայնվել էր դեռեւս տասներկուերորդ համագումարի ժամանակ: Այս տողերով սկսեց իր ելույթը նկարիչների միության նախագահի երրորդ թեկնածուն՝ Արմեն Աթանյանը:

Ներկայացնելով իր ծրագիրը՝ Արմեն Աթանյանը նշեց, որ անհրաժեշտ է նկարիչների բժշկական ապահովագրությունն ապահովել, ինչպես նաեւ նկարիչների միության կողքին փոքրիկ տպարան ստեղծել, նաեւ՝ ունենալ շաբաթաթերթ: