Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտովթարից տուժած աղջկա վերածնունդը

Հասարակություն
8832577bf09705e1d247cd50693c7fef

Այսօր հայ ընթերցողի սեղանին դրվեց Հասմիկ Մուրադյանի «Հայ-ճապոներեն զրուցարանը»։ Հասմիկի համար այս գրքի ստեղծումը գրեթե վերածնունդ էր։

Նա 4 տարի առաջ տուժել է ավտովթարից, երկար ժամանակ եղել է կոմայի մեջ, կորցրել է հիշողությունը եւ ապա վերականգնվել։

« Շուրջ 4 տարի տնից միայնակ չեմ կարողացել դուրս գալ, բայց քանի որ աշխատելու ցանկությունը մեծ է եղել, տանը նստած սկսել եմ հայ- ճապոներեն զրուցարան կազմել»,- ՆՓԱԿ-ում շնորհանդեսի ժամանակ ասաց նա։


Երիտասարդ առաջնորդների դպրոցի տնօրեն Արտակ Շաքարյանի խոսքերով՝ Հասմիկը պայքարող մարդու օրինակ է բոլորիս համար։ «Ի հեճուկս ամեն ինչի, ամենածանր իրավիճակում, երբ որ ինքը չի կարողացել ոչ շարժվել, ոչ արտահայտել իր մտքերը հասել է այս մակարդակին։ Ինքը ապացուցում է , որ ճակատագիր ասվածը սուտ բան է, որ ամեն մեկիս ձեռքում է մեր ապագան, մեր ճակատագիրը ու պարզապես պետք է հավատաս քո ուժերին եւ հաղթահարես այդ վախը»,- նշեց նա։

Այժմ Հասմիկ Մուրադյանը աշխատում է «Ֆան-տուր» տուրիստական գործակալությունում՝ որպես տուր մենեջեր։

«Ներկա պահին ինձ որպես երեխա են պահում, ամեն կերպ խնայում են եւ փորձում են այնպես անել, որ Հասմիկին լավ լինի»,- ասում է ճապոներենի մասնագետը։

Գիրքը նախատեսված է ճապոներեն լեզու ուսումնասիրողների համար։
Այն տպագրվել է 300 օրինակով եւ վաճառվում է 2500 դրամով։