Խցանումներ միջպետական ճանապարհին
Երեկվանից Սյունիքի մարզի ողջ տարածքով տեղացող ձյունը անհարմարություններ է ստեղծել Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում:
Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատ այսօր առավոտյան 08:40-ին ահազանգ է ստացվել, որ մոտ 100 մեքենա խցանման մեջ է հայտնվել: Խցանված ու ճանապարհի երթեւեկելի հատվածից դուրս եկած մոտ 15 մեքենա է ուղղվել: Ժամը 14-ի դրությամբ ճանապարհը դարձել է կրկին երթեւեկելի:
Սիսիանի ճանշին ընկերության 4 միավոր տեխնիկան առավոտից աղ ու ավազ է շաղ տալիս մայրուղում, սակայն նրանց աշխատանքին խանգարում է անընդհատ տեղացող ձյունն ու բուքը:
Ձյան շերտի հաստությունն այստեղ հասնում է 50-ից 60 սմ-ի, մայրուղում առկա է մերկասառույց:
Սիսիանի տարածաշրջանի գյուղեր տանող ճանապարհները եւս բաց են, բայց եւ կան դժվարանցանելի հատվածներ:
Ձնաբուքը շարունակվում է, եւ փրկարարները չեն բացառում նոր խցանումներ:
Արմեն Հովակիմյան
Սիսիան