Գրագողներն առայժմ հաղթում են
Քանի՞սն են այն լրատվամիջոցները, որոնք տեսանյութեր ու լուսանկարներ վերարտադրելիս տեղադրում են սկզբնաղբյուրի ակտիվ հիպերհղում: Քանի՞սն են հեղինակային նյութեր վերահրապարակելիս պարտադիր նշում նաեւ հեղինակի անունը: Իսկ արդեն իսկ հրապարակված նյութերից մեջբերումներ անելիս քանի՞սն են նշում, թե որ սկզբնաղբյուրից են օգտվել:
Մեծամասնությունը ոչ մի կանոն կամ պայմանավորվածություն չհարգողներն են, որոնք, սրանից-նրանից թռցնելով, նաեւ զոռ տված ֆեյսբուքին ու սեքսաքաղց դեռահասների ճաշակը բավարարելով են դիտումներ ապահովում ու գովազդատուներ խլում բովանդակություն արտադրողներից:
Ի՞նչ ճար կա սրանց դեմ: Մինչ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի նախագիծը կհայտնվեր ԱԺ-ում, խմբագիրների հետ նախնական քննարկման ժամանակ նախաձեռնության զեկուցողը՝ Էդմոն Մարուքյանը, խորհուրդ տվեց, թե պիտի դատի տաք:
Կարծես իրոք ելքն այդ է: Մի կողմ թողած համքարային համերաշխությունը եւ դատարանների դռները մաշելու հեռանկարի առջեւ չընկրկելով ՝ ուղղակի հարկ է փորձել գործադրել օրենքի այն դրույթը, ըստ որի՝ գրագողերը պետք է հատուցեն վնասը՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
Այլապես ակնհայտ է՝ նրանք հաղթում են, եւ գրագողների վրա ո՛չ ինքնակարգավորումն է ազդում, ո՛չ էլ օրենքը: Վատագույն ավանդույթներն առայժմ շարունակվում են:
Աննա Իսրայելյանի հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ