ՀԸ-ները խախտել են գովազդի մասին օրենքը
Հ1, Հ2, «Արմենիա», «Շանթ», «Երկիր Մեդիա», «Կենտրոն» հեռուստաընկերությունները ենթարկվել են մոնիթորինգի՝ պարզելու համար, թե տվյալ հեռուստաընկերությունների հաղորդումներում գովազդային հոլովակների ծավալները համապատասխանում են օրենքով սահմանված չափին։ Մոնիթորինգը ցույց է տվել, որ տարբեր չափորոշիչներով խախտումներ եղել են նշված բոլոր հեռուստաընկերություններում:
«Մոնիթորինգը սկսվել է օգոստոսի տասնհինգից, յոթ օր դիտարկել ենք այդ հեռուստաալիքների հաղորդումները, հիմնականում չորս չափորոշիչներով ենք նայել»,- ասաց «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ նշելով, որ «Գովազդի մասին» օրենքում այդ նորմերը հստակ սահմանված են:
Հանրային հեռուստաընկերության առաջին ալիքի եթերում հաղորդումների ընդհանուր ծավալում դիտարկված ժամանակահատվածում գովազդի ծավալի 7 տոկոսը չգերազանցելու նորմի պահպանման մասին նա հավելեց. «Գովելի է ու զարմացնող է, որ նման խախտում չենք արձանագրել, այն դեպքում, երբ 2011-2012-ին այս նորմի խախտումներ բազմիցս գրանցվել են»:
Հաջորդ չափորոշիչը, որ եթերի 14 ժամերի ընթացքում գովազդի ծավալը չպետք է գերազանցի սահմանված նորմը, պահպանվել է միայն Հ1-ի և Հ2-ի եթերում: Իսկ «Արմենիան», «Երկիր Մեդիան», «Կենտրոնը», «Շանթը» գերազանցել են այդ նորմը. ««Կենտրոնում» դիտարկված 14 րոպեն գերազանցող գովազդների չափերը վայրկյաններ են կազմում: Բոլորս էլ հասկանում ենք, որ ջանացել են տեղավորվել 14 րոպեի մեջ: Բայց «Շանթի» դեպքում դաժան բաներ ունենք՝ 22 րոպե և այլն»:
Ըստ մոնիթորինգի արդյունքների՝ 20 րոպեից պակաս տեւողություն ունեցող հաղորդումներ, որոնք ընդմիջվում է գովազդով, մեկից ավելի անգամ եղել են բոլոր հեռուստաալիքներում:
Մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը ասաց նաեւ, որ դեռ նախորդ տարիներին իրենք առաջարկել են կատարել այս օրենսդրական փոփոխությունը, բայց դեռ արձագանք չեն ստացել. «Որևէ կոնկրետ արձագանք իշխանությունների և այն մարմինների կողմից, որոնք պետք է արձագանքեին, չկան»:
Մեսրոպ Հարությունյանն առանձնացրեց այն, որ կարևոր է վերականգնել օրենքի այն դրույթը, որով հանրությունն իրավունք ուներ հանրայինի եթերում նայել հաղորդումներ՝ առանց գովազդային ընդմիջման: Կամ այն դրույթը, համաձայն որի՝ արգելվում էին հաղորդումներն ավելի հաճախ, քան քսան րոպեն մեկ ընդհատել գովազդով: