Ինչ վիճակագրություն կլինի գազի թանկացումից հետո
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ 2004 թվականից սկսած սոճիների և եղևնիների ծառահատումներն օրենքով արգելված են, և «Հայանտառն» այս տարի սոճու բնական ճյուղեր տրամադրել է միայն Երևանի և Գյումրու քաղաքապետարաններին` ամանորյա տոնածառներ հավաքելու համար:
«Ա1+»-ի այն հարցին, թե այդ դեպքում որտեղի՞ց են հայտնվում Երևանի տարբեր համայնքներում և Հայաստանի մարզկենտրոններում դրվող տոնածառների բնական ճյուղերը, պարոն Պետրոսյանը անկեղծ պատասխանեց`չգիտի. «Մեր ՊՈԱԿ-ը բնական ճյուղեր տրամադրել է միայն Երևանին և Գյումրուն: Թե այդ ճյուղերը որտեղից են պոկում, ինչ են անում, ես չգիտեմ, դա մեզանից դուրս չի գալիս: Իսկ վաճառվող բնական եղևնիները տեղական չեն»:
Ինչ վերաբերում է ապօրինի ծառահատումներին`անտառապետը շտապում է ուրախացնել`գրանցվում է նվազում. «Նվազում է, բայց չի վերանում: Ըստ մեր պաշտոնական տվյալների` եթե 2004 թվականին գրանցվել է 32000 ապօրինի ծառահատում, ապա անցած տարի գրանցվել1320 դեպք: Մեր տվյալները ակտավորված և հայտնաբերված դեպքերն են միայն»:
Պարոն Պետրոսյանը դեռ այս տարվա տվյալները չունի. «Գազի թանկացումից հետո թե ինչ վիճակագրություն կգրանցվի, չգիտեմ, հաշվառումը կկատարվի միայն գարնանը»,-եզրափակեց նա:
Ի դեպ, ապօրինի ծառահատումների հայտնաբերման դեպքում տուգանքը տատանվում է 30.000 դրամից մինչև 1500 ԱՄՆ դոլարի սահմաններում: