«Ամանորի գիշերն էլ կպայքարենք»
Շուրջ 100 օր քաղաքապետարանի դիմաց նստացույց իրականացրած քաղաքացիական ակտիվիստ Գոռ Առաքելյանի կարծիքով` Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները արհեստականորեն ձգձգվում են. «Իմ կարծիքով այդ ձգձգումները միտված են նրան, որպեսզի թանկացումները հաջորդեն կամ էլ նախորդեն Ամանորին: Նրանք երևի հաշվարկել են, որ քաղաքացիները, տարված լինելով Ամանորով, փողոց դուրս չեն գա: Բայց իրանք լավ չեն հաշվարկել. հանրության մեջ կա մի զանգված, որի համար եղանակային պայմանները խոչընդոտ չեն: Մենք Ամանորի գիշերն էլ կպայքարենք: Անձամբ ես պատրաստ եմ այդ օրը փողոց դուրս գալ»:
Ակտիվիստի համոզմամբ` քաղաքապետարանը ցանկանում է ցույց տալ, թե հանրության շահերից ելնելով է գործում. «Իրականում այդպես չէ: Իմ կարծիքով նրանք կարող է սակագինը դարձնեն 200 դրամ, սկսվի քաղաքացիական պայքարը, որից հետո իջեցնեն 150 ու ցույց տան հանրությանը, թե իբր ինչքան տեղ ունենք՝ հետ ենք գնացել»:
Հիշեցնենք, որ Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով հանձնաժողովը ստեղծվել է դեռ սեպտեմբեր ամսին: Դրանում ընդգրկված է շուրջ 30 հոգի, այդ թվում՝ տնտեսվարողներ: