Ավիատոմսերի սակագները կնվազեն
Բաց երկնքի քաղաքականության արդյունքում Հայաստանում կլինի զբոսաշրջության աճ՝ դրանով պայմանավորված աշխատատեղերի ստեղծում և երրորդ՝ արտահանման խթանում։ Անդրադառնալով Կառավարության որդեգրած բաց երկնքի քաղաքականությանը՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը։
ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած «2012-15 թ.թ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում» նախագծով Հայաստանը 2013-2025թթ. անցնելու է բաց երկնքի քաղաքականության։
Արման Խաչատրյանի խոսքով՝ բաց երկնքի քաղաքականության արդյունքում ավիատոմսերի սակագները կնվազեն 10-50 տոկոսով.
«Մենք արդեն տեսնում ենք որոշակի ուղղություններով տոմսերի նվազում, օրինակ՝ Երեւան-Դուբայ ուղղությունը։ Երեւան-Դուբայ ուղղությունը այժմ կատարում է շաբաթական 11 չվերթ՝ 3 կամ 4-ի փոխարեն, եւ տոմսերի միջին գինը 200 հազար դրամից դարձել է 120 հազար դրամ, այսինքն՝ այդ ուղղության վրա արդեն 40 տոկոս նվազում է նկատվում այն պատճառով, որ կա մրցակցություն և կա հավելյալ առաջարկ, առաջարկ՝ նոր հաճախականությունների տեսքով»։
Արման Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ էժանացել են Երեւան-Մոսկվա չվերթի տոմսերը։
«Նախկինում երկու ուղղությամբ կազմում էր 200 հազար դրամ, հիմա արդեն արժե 160 հազար դրամ»։
Ըստ նրա, բաց երկնքի քաղաքականության արդյունքում բոլոր այն ընկերությունները, որոնք գործում են հայաստանյան շուկայում, արդեն բարձրացրել են իրենց թռիչքային հաճախականությունը։
«Մենք թռիչքների բավական սահմանափակ աշխարհագրություն ունենք՝ համեմատած մեր հարեւան երկրների հետ։ Դրանով է նաեւ պայմանավորված տոմսերի բարձր գինը։ Բաց երկնքի քաղաքականության արդյունքում մեծանալու է նաև սպասարկման աշխարհագրությունը։ Նոր ուղղություններ լինելու են դեպի Ռուսաստան, որտեղ կա հայկական համայնք, 10-15 նոր ուղղություններ կլինեն դեպի Եվրոպա և Միջին Արեւելք»,-ընդգծեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրենը՝ հավելելով, որ բոլոր ուղղություններով ավիատոմսերի գները կնվազեն։