Այգին կոչնչանա, լիճը կկեղտոտվի
Էկոլոգիական հասարակական դաշինքը խորհրդակցություն է հրավիրում, որի օրակարգում բարձր ռիսկեր պարունակող կառավարական որոշումների նախագծերն են։ Այն տեղի է ունենալու վաղը։
Օրակարգում այս հարցերն են՝
1. Ճանապարհաշինություն, որի արդյունքում կոչնչացվի Արտաշատի և հարակից գյուղերի մրգատու ծառերի 81%-ը: Ծրագիրը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի կողմից: Ինչպես պարզվում է, ծրագիրը մասամբ քննարկվել է հասարակության կողմից, սակայն հասարակությունը տեղյակ չէ ծրագրի այն հատվածից, որը վերաբերում է այգիների ոչնչացման:
2. Սևանա լճից ջրի բացթողման մեծացման վերաբերյալ օրիանգիծը. 170 միլիոն խմ-ի փոխարեն 240 միլիոն խմ: Որոշման հիմքում Սև Ջուր գետի վիճակի բարելավումն է, որը Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների անգրագետ (կամ հանցավոր վատ) կառավարման արդյունքում ջրազրկվել է: Ինչպես հայտնի է, ՀՀ բնապահպանության նախարարությունը Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների օգտագործման համար տալիս էր թույլտվություններ, որոնց կուտակային ծավալը գերազանցում էր ռեսուրսների հնարավորությունները 1,5 անգամ: Իսկ հիմա, ՀՀ կառավարությունը գումար է տրամադրում այդ նույն նախարարությանը հորերի լուծարման համար, եւ միեւնույն ժամանակ ցանկանում է մեծացնել ջրի բացթողումները Սևանիա լճից:
3. Պատրաստվում է Սեւանա լճում իշխանի բազմացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը :«Էմի Ֆրութ» ՍՊ ընկերությունը ավարտել է պիլոտային նախագիծը և ՀՀ կառավարությանն է ներկայացնում է իր հաշվետվությունները: Արհեստական կերով կերակրված իշխանի քանակը մտադիր են հասցնել մինչև 50 000 տոննայի: Արհեստական կերի քանակը տարեկան նույնպես 50 000 տոննա է: Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը «կողմ է», ասում են` կվերահսկեն, որպեսզի կերը չաղտոտի լիճը, կտան խորհուրդներ` երբ և ինչպես այն լցնել, կհետևեն քանակին և այլն:
Հանձնաժողովը հատուկ ուշադրություն է դարձնում այն 23 միլիարդ դրամին, որը ընկերությունը մտադիր է տրամադրել Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամին: Ինչ կմնա Սևանա լճից, մինչ տնտեսվարող սուբյեկտները կտրամադրեն այդ գումարը, և ով է այն տնօրինելու, անհասկանալի է: Բայց հանձնաժողովը գոհ է, ասում են, որ մինչ օրս ոչ ոք այդպիսի գումար մուտք չի տրամադրել: