Ռուսական դրոշներն այսօր կհեռացվեն
Չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Հայաստան ավարտվել է, Երևանում շարունակում են ծածանվել ռուսական դրոշները: Երևանցիների մի մասը այս հանգամանքին լիովին դրական է մոտենում, մյուսները բացասական միտում են տեսնում:
Քաղաքացիներից մեկը, օրինակ, կողմ էր, որ ռուսական դրոշները մնան մեր փողոցներում. «Ի՞նչ տարբերություն: Ռուսը չլինի՝ Հայաստանը կորի գը»: Երևանում բնակվող ռուս քաղաքացիներից մեկն էլ կարծիք հայտնեց, որ դրոշները գեղեցկացնում են մայրաքաղաքը. «Մենք Հայաստանի հետ բարեկամ ենք, թող կախված լինեն այդ դրոշները, դա լավ է»:
Մյուս քաղաքացիները դեմ էին տեսարանին. «Ձևականություն ա, իբր քաղաքն են գեղեցկացնում, մարդու աչքը ոնց որ փոշի լցնեն: Գեղեցկացնելուց թող կանաչապատեն քաղաքը, բակերը սարքեն, ոչ թե երեխաների խաղահրապարակում շենքեր կառուցեն: Այդտեղ է քաղաքը գեղեցկանում, ոչ թե գունավոր դրոշներով»,- նշեց քաղաքացիներից մեկը:
Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ այսօրվա ընթացքում ռուսական դրոշները կհեռացվեն մայրաքաղաքի բոլոր փողոցներից։