Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսանողները զրկվել են տրանսպորտից

Հասարակություն
bc44a77d2600bdc46b17ecbfd8428fb6

Շուրջ տասն օր է, ինչ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի ուսանողներին սպասարկող ուսանողական միկրոավտոբուսը չի գործում:

Նախկին ուսանողական միկրոավտոբուսը ուսանողներին հասցնում էր մինչև Շրջանային: Ուսանողական երթուղուն գյուղից բուհ հասցնելու համար վճարում էին 400 դրամ ուղեվարձ: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի ղեկավար Արամայիս Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ գործում է նոր Երևան-Ջանֆիդա երթուղին, որի պատճառով ուսանողական միկրոավտոբուսը չի սպասարկում, իսկ նոր երթուղու վերջին կանգառը Կիլիկիա ավտոկայանն է։

Համայնքի ղեկավարն ասում է, որ ուսանողներն ավտոկայանից բուհ հասնելու համար ևս հավելյալ ծախս են կատարում։ Նրանք ստիպված են լինում մի քանի տրանսպորտ փոխել դասի և դասից տուն հասնելու համար. «Ուսանողները կամ ստիպված գյուղից հասնում են Հոկտեմբերյան քաղաք ու այնտեղի ուսանողականով գնում, կամ էլ գյուղից գնում են ավտոկայան, էնտեղից էլ ուրիշ տրանսպորտով հասնում համալսարան», - նշեց Մխիթարյանը։

«Ուսանողականին արդեն հարմարվել էին, հեշտ էր. միանգամից գյուղից գնում էին համալսարան, դեմն էլ ձմեռ է, սա դժվարություն է ստեղծելու նրանց համար», - իր մտահոգությունը հայտնեց Այգեշատի գյուղապետը:

Նրա տեղեկացմամբ՝ ուսանողական երթուղուց զրկվել են նաև մարզի՝ Տանձուտ, Հայկավան, Արգավանդ և Արմավիր համայնքները։