Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միասնական քննչական մարմինը՝ հունվարից

Հասարակություն
a4ebd0573e63951f4bb07e59a3b9ed0b

2014թ. հունվարի 10-ից ուժի մեջ կմտնի «Միասնական քննչական կոմիտեի մասին» օրենքը։
Միասնական քննչական մարմնի ստեղծումը Սերժ Սարգսյանի կարգադրությունն էր։

Այսօր Երեւանում տեղի ունեցավ օրենքի նախագծի աշխատանքային վերջին քննարկումը՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների եւ միջազգային փորձագետների ներկայությամբ։

«Այս օրենքի նախագիծը միջազգային կառույցների հետ համագործակցության ու աշխատանքի արդյունք է», - հայտարարեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, կոմիտեի աշխատանքներին հետեւող Աղվան Հովսեփյանը:

Աղվան Հովսեփյանի խոսքերով, «Միասնական քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագիծն ուղարկվել է Սերժ Սարգսյանին, Արդարադատության նախարարություն, Կառավարություն։

Օրենքի քննարկմանը ներկա էին նաև ԵՄ խորհրդատվական խմբի փորձագետներ, որոնք մասնակցել են օրենքի մշակման աշխատանքներին։

Ըստ ԵՄ խորհրդատվական խմբի փորձագետ Չարլզ Հենրիխի, քննչական միասնական անկախ մարմին ստեղծելու նախաձեռնությունը շատ կարեւոր է, և այս մարմնի ստեղծումից հետո նախաքննությունը Հայաստանում կարող է լինել անկախ:

Աղվան Հովսեփյանը քննարկումից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ այս կառույցի ստեղծման նպատակն այն է, որ ձեւավորվի մի կառույց, որն անկախ կլինի քաղաքական ազդեցություններից և ենթադրյալ բոլոր ազդեցություններից։

Արդյո՞ք իրականությանը համապատասխանում է, որ Սերժ Սարգսյանը Միասնական քննչական մարմին ստեղծելու հանձնարարություն է տվել՝ հատուկ Աղվան Հովսեփյանին նոր պաշտոն տալու համար. Այս հարցին Աղվան Հովսեփյանն այդպես էլ չպատասխանեց։
Իսկ արդյո՞ք նախկին գլխավոր դատախազը կղեկավարի մարմինը.
«Հետագայում կտեսնենք»՝ պատասխանեց Աղվան Հովսեփյանը։