Մեկնարկել է հայ-ռուսական ֆորումը
ՀՀ վաչապետ, հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար, հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի մասնակցությամբ Գյումրիում մեկնարկել է հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ ֆորումը:
ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով ներկաներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է միջոցառման հատուկ կարևորությունը՝ կապված այն հանգամանքի հետ, որ այն անցկացվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք պետական այցի շրջանակներում:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը բացառիկ նշանակություն ունի Հայաստանի համար: Ռուսաստանը Հայաստանի հիմնական արտաքին առևտրական գործընկերն է և Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողը, ինչը որոշիչ դեր է խաղում ՀՀ-ի ենթակառուցվածքների զարգացման հարցում:
Վարչապետը նշել է, որ Ռուսաստանի հետ են կապված տնտեսության գերակա ուղղությունների և համակարգ ձևավորող ձեռնարկությունների զարգացման հեռանկարները, ինչպիսիք են, օրինակ՝ «Նաիրիտը» և ատոմային էլեկտրակայանը:
Վարչապետի խոսքով՝ այս խնդիրների լուծումը հնարավոր է միայն տնտեսական միջավայրում, որը կբացառի ցանկացած սահման կամ խոչընդոտ երկու երկրների տնտեսությունների փոխադարձ ինտեգրման համար: Այսպիսով, ՄՄ մտնելու Հայաստանի որոշումը, Տիգրան Սարգսյանի համոզմամբ՝ կրում է կշռադատված բնույթ և ունի լիովին ռացիոնալ հիմնավորում: Այն պայմանավորված է մրցունակ և արդյունավետ զարգացող տնտեսության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման ձգտումով:
Իր հերթին Մաքսիմ Սոկոլովը կարևորել է երկու ռազմավարական երկրների տարածաշրջանների միջև կապերի սերտացումը: «Մենք պատրաստվում ենք Հայաստանի հետ ստորագրել մի շարք փաստաթղթեր, որոնց նպատակն է էլ ավելի սերտացնել և ամրապնդել Հայաստանի և նրա տարածաշրջանների հետ համագործակցությունը:
Դրանց նպատակն է նաև իրականացնել երկկողմ համագործակցության նոր ծրագրեր, որոնք իրենց հերթին ուղղված կլինեն հայ-ռուսական փոխգործակցության զարգացմանը»,- ասել է Սոկոլովը:
Այնուհետև Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը դիմավորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և պետական այցով Հայաստան այցելած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ովքեր մասնակցել են հայ-ռուսաան միջտարածաշրջանային ֆորումին: