Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ի դիմաց ակցիան կշարունակվի վաղը

Հասարակություն
b9a3629be99a9d899a0df299bbadc7b7

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի համար ներդրվող գումարները ծառայելու են ուրիշ միջոցների. համոզված են «Ընդդեմ կենսաթոշակային հինգ տոկոս պարտադիր վճարի» նախաձեռնության անդամները։

«Քանի որ ֆոնդերը օտարերկրյա կապիտալով են, ներդրումները կատարվում են Հայաստանից դուրս, եթե միջոցները շրջանառվեն Հայաստանից դուրս, բնականաբար չեն նպաստի տեղական արտադրությանը, աշխատողերի շատացմանը եւ ոչ էլ կենսաթոշակների վճարմանը»,- նշեց ակցիայի մասնակից Լեւոն Մանուկյանը։

Նրանք այսօր ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել եւ բոլոր պատգամավորներին կոչ էին անում դեմ կքվեարկել օրենքին, հակառակ դեպքում ճնշումն էլ ավելի կուժեղացնեն։
«Պետք է փողոց դուրս գալ եւ ներկայությամբ պարտադրել, որ որոշումների կայացումը լինի այնպես, ինչպես ցանկանում է ժողովուրդը, եւ ոչ թե միջազգային կորպորացիաները կամ ինչ- որ վարչախումբ»,-նշեց Սերգեյ Դավթյանը։

Իսկ Ցոլակ Ավագյանն էլ ավելացրեց, որ կառավարությունը հաշվի չի առել, որ մարդիկ մեծ քանակությամբ հիփոթեքային պարտավորվածություններ ունեն։

Ակցիայի մասնակիցները համոզված են, որ օրենքում պարտադիր բաղադրիչը պետք է փոխարինել կամավորով։

«Ով ինչքան ցանկանում է, այնքան տրամադրի ապագայում թոշակի համար, կամ շեմը այնքան իջեցվի, որ խելքին մոտ գումարների կարգի լինի»,- ասաց Տիգրան Տերտերյանը։

ԱԺ կողմից ընդունված «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում եւ դրան հարակից օրենքներում կատարված փոփոխությունների թիրախում հայտնվել են 1974 թ հետո ծնված ՀՀ քաղաքացիները։

Վերջիններս նշում են, որ համակարգի ներդրումը պարտադրելը մարդու իրավունքների կոպիտ խախտում է։

Ի դեպ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան խոչընդոտ հանդիսացավ ակցիայի համար, եւ այն շատ կարճ տեւեց։ Նրանք խոստացան վերադառնալ վաղը։