Եզդիներն ահազանգում են
«Իրաքում ապրող եզդիների նկատմամբ նորից վերսկսել են հալածանքները: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Մոսուլ քաղաքում տարբեր պայմաններում սպանվել է ավելի քան 8 եզդի: Մոսուլի համալսարանում սովորող եզդի ուսանողները շարունակում են սպառնալիքներ ստանալ: Եզդիներն Իրաքում հալածանքների են ենթարկվում իրենց ազգային կրոնական պատկանելության համար:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը բազմաթիվ անգամ անդրադարձել է այս խնդիրը, սակայն, ցավոք սրտի, շուկայական հարաբերությունների այս դարաշրջանում շատերն անտեսում են այն հալածանքները, որոնք կիրառում են եզդի ժողովրդի նկատմամբ: Մոսուլում բնակվող եզդիները օգնություն են խնդրում քաղաքակիրթ աշխարհից և ակնկալում են, որ իրենց խնդիրների վրա ուշադրություն կդարձնեն:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը խնդրանքով դիմում է Հայաստանում գործող քաղաքական և հասարակական կազմակերպություններին, որևէ կերպ արձագանքել այս խնդրին: Հայ ժողովուրդը մեկ դար առաջ անցել է նույն հալածանքների միջով, որով հիմա անցնում են իրաքաբնակ եզդիները և հիմա կարևոր է, որ մեր եղբայրական ժողովրդի զավակները որևէ կերպ աջակցեն մեզ այս խնդիրը բարձրաձայնելու և լուծելու ճանապարհին:
Մենք նաև խնդրում և կոչ ենք անում Հայաստանում գործող լրատվամիջոցներին օգնել բարձրաձայնելու այն անմարդկային իրավիճակը, որում ապրում են եզդիները Իրաքում: Այսօր ավելի քան երբևէ բազմաչարչար եզդի ժողովուրդը աջակցության կարիք ունի:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհուրդ