Քննարկվել են զորակոչին վերաբերող հարցեր
Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովն այսօր իր հերթական նիստն է անցկացրել։
Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը նշեց, որ 2009 թ-ից Պաշտպանության նախարարի հրամանով ձեւավորվել է քաղաքացիների դիմում- բողոքների հանձնաժողովը։
Արդեն 9-րդ զորակոչն է անցկացվում, նախորդ 8 զորակոչերի ընթացքոմ ստացել են 600-ից ավելի դիմում-բողոքներ, իսկ վերջին 2 զորակոչերի ընթացքում ավելի քան 300-ը։
«Դիմում- բողոքների շուրջ 80 %-ը առողջական խնդիրների վերաբերյալ է, մնացած 20 տոկոսը վերաբերում է տարկետման խնդիրներին, ծառայության վայրի հետ կապված խնդիրներին»,- նշեց Գեղամ Հարությունյանը։
Անցած զորակոչին դիմումների 40 տոկոսից ավելին իրենց միջնորդությամբ բավարարվել են։
Գեղամ Հարությունյանը նշեց, որ այսօր քննարկվելու է 11 դիմում, սակայն իրենք անձի պիտանելիության որոշման իրավասություն չունեն։ Դա որոշում են զինկոմիսարիտաներին կից բժշկական հանձնաժողովները եւ կենտրոնական բժշկական հանձնաժողովը։
«Դիմողները հանձնաժողովից ակնկալում են մարդասիրություն»,- ասաց նա։
Անդրադառնալով զինվորների բաշխումը վիճակահանությամբ անցկացնելուն, Գեղամ Հարությունյանը նշեց, որ դա բարձր մակարդակով է անցկացվում, եւ առավել արդար ու թափանցիկ իրականացնելու միտում է հետապնդում։ Դա հստակ երեւում է նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի որդեգրած քաղաքականության մեջ։