5 հոգու բերման են ենթարկել
Մաշտոցի պողոտայում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը երթի մասնակիցներին տեղեկացրեց, որ երթը չի բխում Հավաքների ազատության մասին օրենքի ընդհանուր դրույթներից և հորդորեց դադարեցնել այն։
Երթի մասնակիցները իրենց բղավոցներով և սուլոցներով լռեցնում էին Օսիպյանին։
«Առաջնորդվելով հավաքների մասին օրենքով՝ առաջարկում ենք դադարեցնել և ցրվել, հակառակ դեպքում ոստիկանությունը հասարակական կարգը պահպանելու համար չենթարկվողներին կարգի կհրավիրի»,-նշեց պարոն Օսիպյանը։
«Առաջարկում եմ գրավոր ներկայացնել ձեր պահանջը, և միասին տանենք հանձնենք համապատասխան մարմիններին։ Ձեր հավաքը անօրինական է, հասարակական կարգ խախտողները կենթարկվեն պատասխանատվության»,-ասաց Վալերի Օսիպյանը։
«Ես իմ իրավունքն եմ իրականացնում», «Հայաստանը մենք ենք, Հայաստանը մերն է», «Պուտին, ռադ էղի»,- քաղաքացիները շարունակում են վանկարկել։
Բախում տեղի ունեցավ ոստիկանների և երթի մասնակիցների միջեւ. ոստիկանները բռնություն են կիրառում, փորձում են հետ պահել բողոքի ակցիայի մասնակիցներին։
Ակցիայի մասնակիցներից 5 հոգու ոստիկանները ծեծելով բերման են ենթարկել, այդ թվում ՝ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին։
Ակցիային միացել են «Ժառանգություն»-ից Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Դավիթ Սանասարյանը և Զարուհի Փոստանջյանը։